Միավորված ազգերի կազմակերպության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի գագաթնաժողովի ժամանակ հունիսի 7-ը պաշտոնապես ընդունվել է որպես Սննդաթմերքի անվտանգության միջազգային օր: «Սննդամթերքի անվտանգությունը բոլորիս գործն է» կարգախոսով էլ այս տարի այն նշվում է: Հենց այս համատեքստում  ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն Ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ նախաձեռնել էր «Սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա մարտահրավերները և կրթության դերը» թեմայով կլոր սեղան-քննարկում: Մասնակցում էին ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, դասախոսներ և Տեսչական մարմնի աշխատակիցներ:

Ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը ողջույնի իր խոսքում, շնորհավորելով բոլորին, ասել է, որ օրվա խորհուրդն է Հայաստանում վեր հանել սննդամթերքի անվտանգությանն առնչվող խնդիրները, փորձել համատեղ լուծումներ գտնել: «Պետք է համագործակցության բոլոր հնարավոր ուղիներով փնտրել և ունենալ սննդամթերքի անվտանգության կառավարման այնպիսի համակարգ և միջավայր, որպեսզի սպառողը վստահ լինի, որ սննդամթերքի արտադրությունից մինչև սպառման բոլոր օղակներում մեր սննդամթերքն անվտանգ է: Այսօրվա նպատակն է նաև տեսնել, թե ինչ անելիքներ ունենք կրթական համակրգում: Շատ ուրախ եմ, որ արդեն ավանդույթ են դարձել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ մեր համատեղ միջոցառումները»,- ասել է պարոն Ուռուտյանը:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը խոսել է Սննդամթերքի անվտանգության օրը կարևորելու և առաջին անգամ այն նշելու մասին: Հույս հայտնելով, որ սա կլինի շարունակական, Տեսչական մարմնի ղեկավարը նշել է,- «Օրը շատ ճիշտ կարգախոսով է սկսվել՝ սննդամթերքի անվտանգությունը բոլորիս գործն է: Ունենալով 170 տեսուչ մենք չենք կարող լինել ամենուր, ամեն րոպե և վերահսկել ամեն ինչ, եթե չկա հասարակական վերահսկողություն: Կամայական սպառող, հասրակական կազմակերպություն և յուրաքանչյուր քաղաքացի, երբ գիտակցի, որ սննդի անվտանգությունը նաև իրենից է կախված, մենք այս ոլորտում կունենանք արդյունք»:

ՍԱՊԾ Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը խոսել է սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա մարտահրավերների և պետական վերահսկողության արդյունավետության մասին: Նա նշել է, որ երկրում սննդամթերքի անվտանգության ապահովումն ունի կարևորագույն պետական նշանակություն: «21-րդ դարում սննդամթերքի անվտանգության խնդիրը ոչ պակաս արդիական է, չնայած մեր ժամանակի անվերջ գիտական և տեխնիկական ձեռքբերումներին: Տարվա ընթացքում 365 օր մենք զբաղվում ենք սննդամթերքի անվտանգությամբ, բայց սա ևս մեկ առիթ է, ոլորտում առկա խնդիրների մասին բարձրաձայնելու համար»:

Անվտանգ սննդի հինգ հիմնական սկզբունքները

Պահպանել մաքրություն Ինչո՞ւ
  • Լվացեք ձեր ձեռքերը սննդամթերքի հետ շփվելիս, ինչպես նաև դրանց պատրաստման ժամանակ
  • Լվացեք ձեր ձեռքերը զուգարան գնալուց հետո
  • Լվացեք և ախտահանեք սննդամթերքի պատրաստման համար օգտագործվող բոլոր մակերեսները և սարքավորումները:
  • Պաշտպանեք խոհանոցային տարածքը և սնունդը միջատներից, վնասատուներից և այլ կենդանիներից
Թեև միկրոօրգանիզմների մեծ մասը հիվանդություն չեն առաջացնում, սակայն վտանգավոր միկրոօրգանիզմները լայնորեն տարածված են հողի, ջրի, կենդանիների և մարդկանց մեջ: Այս միկրոօրգանիզմները փոխանցվում են ձեռքերի, մաքրող լաթերի և խոհանոցային պարագաների, հատկապես կտրտման տախտակի միջոցով և ամենաաննշան շփումը կարող է դրանց սննդի մեջ փոխանցվելու և սննդային հիվանդություններ առաջացնելու պատճառ դառնալ:
Առանձնացրեք հումը եփածից Ինչո՞ւ
  • Առանձնացրեք հում միսը, թռչնամիսը և ծովամթերքը այլ սննդամթերքից
  • Հում սննդամթերքի մշակման համար օգտագործեք առանձին սարքավորումներ, ինչպիսիք են` դանակները և կտրտման տախտակները:
  • Հում և եփված սննդամթերքի շփումից խուսափելու համար պահպանեք սննդամթերքը կոնտեյներներում
Հում սննդամթերքը, հատկապես միսը, թռչնամիսը, ծովամթերքը և դրանց հյութերը կարող են պարունակել վտանգավոր միկրոօրգանիզմներ, որոնք կարող են փոխանցվել այլ սննդի մեջ` դրանց պատրաստման և պահպանման ժամանակ:
Ենթարկեք մանրակրկիտ ջերմամշակման Ինչո՞ւ
  • Մանրակրկիտ ջերմամշակման ենթարկեք (շատ եփել), հատկապես` միս, թռչնամիս, ձու և ծովամթերք պատրաստելիս
  • Ապուրները և շոգեխաշած սննդամթերքը եփեք եռալու աստիճան
  • համոզվեք, որ դրանք հասել են 70°C-ի: Համոզվեք, որ մսի և թռչնի հյութը մաքուր է, վարդագույն չէ: Իդեալական տարբերակը կլինի այն, որ դուք ջերմաչափ օգտագործեք: Պատրաստի ուտելիքը երկար տաքացրեք:
Պատշաճ ջերմամշակումը սպանում է գրեթե բոլոր վտանգավոր միկրոօրգանիզմներին: Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, սննդամթերքի տաքացումը մինչև 70°C, այն կարող է անվտանգ դարձնել սպառման համար: Հատուկ ուշադրություն պահանջող արտադրանքների ցանկում են աղացած միսը, մսային ռուլետը, մսի մեծ կտորները և ամբողջական թռչնամիսը:
Սննդամթերքը պահպանեք անվտանգ ջերմաստիճանում Ինչո՞ւ
  • Պատրաստի սննդամթերքը մի թողեք սենյակային ջերմաստիճանում 2 ժամից ավելի:
  • Եփած և շուտ փչացող ամբողջ սննդամթերքը պահեք սառնարանում (ցանկալի է `5°C ջերմաստիճանում)
  • Եփած սնունդը պահել տաք վիճակում նախքան մատուցելը (60° C-ից բարձր ջերմաստիճանում)
  • Սննդամթերքը երկար մի պահեք, նույնիսկ սառնարանում
  • Մի սառեցրեք սառեցված սննդամթերքը սենյակային ջերմաստիճանում:
Եթե սնունդը պահպանվի սենյակային ջերմաստիճանում միկրոօրգանիզմները կարող են շատ արագ բազմանալ:

5°C-ից ցածր և 60°C-ից բարձր ջերմաստիճանում մանրէային աճը դանդաղում կամ դադարում է:

Որոշ վտանգավոր միկրոօրգանիզմներ շարունակում են կրկնապատկվել 5 ° C- ի պայմաններում:

Օգտագործեք մաքուր ջուր և մաքուր պարենային հումք Ինչո՞ւ
  • Օգտագործեք մաքուր ջուր կամ մշակեք այն` անվտանգ դարձնելու համար:
  • Ընտրեք թարմ և անվտանգ սնունդ:
  • Ընտրեք վերամշակում անցած սննդամթերք դրանց անվտանգության համար, ինչպիսիք օրինակ` պաստերիզացված կաթը:
  • Լվանալ մրգերը և բանջարեղենը, հատկապես, եթե դրանք հում են օգտագործվելու:
  • Մի օգտագործեք սննդամթերքը պիտանելիության ժամկետը լրանալուց հետո:
Սննդամթերքի հումքը, ներառյալ ջուրը և սառույցը, կարող են աղտոտված լինել վտանգավոր միկրոօրգանիզմների և քիմիական նյութերի կողմից:

Թունավոր քիմիկատները կարող են գոյանալ վնասված և  բորբոսնած սննդամթերքի մեջ:

Ուշադրությունը հումքի ընտրության և պարզ միջոցառումների ժամանակ, ինչպիսիք են` լվանալը և մաքրումը, կարող է նվազեցնել ռիսկը: