ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ հետ համատեղ, արձագանքելով ՀՀ-ում գործող բազմաթիվ կաթ վերամշակողների կողմից բարձրաձայնվող հրատապ խնդիրներին, կազմակերպել և անցկացրել է «ՀՀ-ում կաթից արտադրված մթերքի շուկայում առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների վերհանում» թեմայով հանդիպում-քննարկում, որի նպատակն է հայաստանյան կաթ վերամշակողներին ներկայացնել կաթնամթերքի շուկայում ստեղծված իրավիճակը, շուկայի զարգացմանը խոչընդոտող մարտահրավերները, առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները: Քննարկման հիմնական թեմաներն էին ՀՀ-ում պանրի և կաթնամթերքի մակնշման, պիտակավորման և փաթեթավորման հանդեպ առկա պահանջները, դրանց կիրառումը, առկա բացերը և ազդեցությունը կաթից արտադրված տեղական արտադրանքի մրցունակության վրա, ինչպես նաև պանրի և կաթնամթերքի ոլորտում հարկային քաղաքականությունը (կապված, մասնավորապես, ԱԱՀ-ի և դրոշմանիշների հետ) և վարչարարությունը:

Տեսչական մարմնի ղեկավար Գերոգի Ավետիսյանն անդրադարձել է հունվարի 16-ից ուժի մեջ մտած «Կաթի և կաթնային արտադրանքի անվտանգության մասին» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի այն դրույթին, որը սահմանում է պարտադիր պահանջ. յուղի փոխարինիչով պատրաստված ապրանքների վրա այսուհետ պետք է նշվի դրանցում բուսական յուղի պարունակության մասին: Նա շեշտել է,- «Ոչ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ոչ էլ պետական որևէ կառույց հակված չէ վնասել կաթ վերամշակողներին և, կարծում եմ, ճիշտ կլինի, որ գտնենք միասնական լուծումներ: Կլինի դա կրկնապիտակով, թե այլ ձևով, մենք հետևելու ենք, որ սպառողները չմոլորեցվեն և տեղեկացվեն, որ տվյալ մթերքն իրականում ոչ թե կաթնամթերք է, այլ դրա նման ինչ-որ զանգված»:

ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը մանրամասնել է կանոնակարգի մակնշմանը վերաբերող պահանջները,- «Մակնշման պահանջների փոփոխություններից է արտադրանքի անվանումը: Եթե նախկինում շուկայում ունեինք արտադրանք, որը ներկայացվում էր որպես թթվասերիկ կամ թթվասերային մթերք, ապա ներկայումս նման հասկցությունների կիրառումը բացառվում է: Արտադրանքը պետք է կոչվի կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով՝ արտադրված թթվասերի տեխնոլոգիայով: Տուփի վրա մեծ տառաչափով պետք է նշվի, որ արտադրանքը պարունակում է բուսական յուղեր: Այս ամենն արված է, որպեսզի սպառողը հնարավորություն ունենա գիտակցված ընտրություն կատարելու և հասկանա՝ ինչպիսի արտադրանք է գնում: Մակնշման բաղադրության մեջ պետք է նշվի նաև, թե կոնկրետ ինչ բուսական յուղի օգտագործման մասին է խոսքը: Կաթնամթերքի տեխնիկական կանոնակարգը թույլատրում է կաթնայուղը փոխարինել ոչ ավել քան 49%-ի չափով»: Բանախոսը տեղեկացրել է նաև, որ առաջիկայում շուկայում հենց տվյալ մակնշման պահանջների նկատմամբ է իրականացվելու պատշաճ վերահսկողություն:

Հանդիպման ընթացքում, որին մասնակցում էին մոտ 60 կաթ վերամշակող տնտեսվարողներ Հայաստանի տարբեր մարզերից, ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի, Գյուղատնտեսության նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի, ինչպես նաև ոլորտում գուրծունեություն ծավալող մի քանի ՀԿ-ների ներկայացուցիչներ, բարձրացվել և համակողմանիորեն քննարկվել են կաթնատու կենդանիների առողջությանը, կաթի մթերմանը, կաթնամթերքի արտադրման գործընթացին, իրացմանը, մրցակցային արդար պայմանների ապահովմանն առնչվող հարցեր:

Կաթնամթերք արտադրողներն առաջարկել են բնական կաթնամթերքն ու կաթնային փոխարինիչով մթերքը խանութներում վաճառել տարբեր հատվածներում, որպեսզի սպառողն ավելի հեշտ կողմնորոշվի և ինքն ընտրի, ինչ գնել: Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ստեղծել առաջարկությունների փաթեթ, որը կներկայացվի ՀՀ Կառավարությանը՝ համաձայն ընթացակարգերի: