Բուսասանիտարիան չափազանց կարևոր ոլորտ է և կարևոր նշանակություն ունի երկրի գյուղատնտեսության զարգացման, բարձր և որակյալ բերք ստանալու, երկրի պարենային անվտանգությունն ու ինքնաբավությունը ապահովելու համար:

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը բոլորովին վերջերս է շրջանառության մեջ դրել  «բույսերի առողջության պահպանում» տերմինը, ինչից հետո 2020 թվականը հռչակվել է բույսերի առողջության պահպանման տարի, որի համար նախատեսված միջոցառումները երկարացվել են ևս կես տարով՝ մինչև 2021 թվականի հուլիս:

Միջոցառումների շրջանակում՝ այսօր Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը շնորհակալագրեր է հաձնել բուսասանիտարիայի ոլորտի ՍԱՏՄ լավագույն աշխատակիցներին, ինչպես նաև ոլորտի երախտավորներին, որոնք ներկայացնում էին «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը, ՀՀ ԷՆ Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն»-ը, ՀՀ ԷՆ սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոնը,  Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը:

Շնորհակալագրեր հանձնվեցին նաև 10 լավագույն ֆերմերների:

Բուսասանիտարիան առողջ միջավայրում առողջ բույսերի և բուսական արտադրանքի արտադրությանը նպատակաուղղված միջոցառումների համակարգն է։

Բուսասանիտարական միջոցառումները պետք է սկսել հողի նախացանքային մշակությունից և վերջացնել բերքահավաքից հետո դաշտի մաքրման աշխատանքներով, իսկ բազմամյա տնկարկների պարագայում այդ միջոցառումները երբեք չպետք է դադարեցնել։