Հակամանրէային միջոցների նկատմամբ կայունություն մասին մասնագետները բարձրաձայնում են պարբերաբար, սակայն խնդիրը շարունակում է մնալ մտահոգիչ:

Խնդիրը ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մշտական ուշադրության ներքո է, ինչի դրսևորումն էր նաև Տեսչական մարմնի նախաձեռնությամբ անցկացված երկօրյա խորհրդաժողովը, որին մասնակցում էին գիտական ու կրթական ոլորտների, միջազգային և հասարակական կազմակերպությունների՝ ի դեմս ՄԱԿ-ի «Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության» և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի, բիզնես ոլորտի և, իհարկե, ՍԱՏՄ ներկայացուցիչներ:

Միջոցառման անցկացումը հնարավոր է դարձել «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի աջակցությամբ, որն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից՝ «Ավստրիայի զարգացման գործակալության» ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավորի և «Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության» ֆինանսավորմամբ:

Մարդու օրգանիզմը կարող է հակամանրէային միջոցների նկատմամբ կայունություն ձեռք բերել ինչպես հենց այդ դեղամիջոցների, այնպես էլ դրանց՝ սննդում առկա մնացորդների օգտագործման արդյունքում։ Սա արդի և գլոբալ խնդիր է ոչ միայն բժշկության, այլև անասնաբուժության և սննդամթերքի անվտանգության ոլորտներում:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն իր խոսքում նշել է, որ «Մեկ առողջության» գաղափարի շրջանակներում անհրաժեշտ է, որ բոլոր պետական գերատեսչությունները կարևորեն իրենց դերն ու անելիքը հակամանրէային ռեզիստենտականության դեմ պայքարում: «Բոլոր կողմերի համագործակցված քայլերի արդյունքում միայն հնարավոր կլինի այս լրջագույն խնդրի դեմ պայքարում հասնել դրական արդյունքի»,- շեշտել է ՍԱՏՄ ղեկավարը:

Հետազոտությունների մեկ խոսուն տվյալ. 2013 թվականին ամբողջ մարդաբուժական պրակտիկայում օգտագործվել է մոտ 40 հազար տոննա հակաբիոտիկ, իսկ կենդանիների համար՝ 130 հազար տոննա: Կանխատեսվում է, որ, հաշվի առնելով մարդկանց աճով պայմանավորված անասնապահության զարգացման միտումները, 2030 թվականին կօգտագործվի արդեն 200 հազար տոննա հակաբիոտիկ: Մինչդեռ աշխարհում արդեն կան մահացու դեպքեր՝ պայմանավորված կենդանուց մարդուն անցած հարուցիչներով՝ մանրէներով…

Խորհրդաժողովի բանախոսները ներկայացրել են անասնաբուժության ոլորտում հակաբիոտիկների շրջանառությունը և առաջարկել դրանց վերահսկման մեխանիզմներ, գիտական ու լաբորատոր կենտրոնների կողմից իրականացված հետազոտությունների արդյունքները, միջազգային փորձն ու նախատեսվող ծրագրերը:

Այն, որ կրթությունն ու իրազեկումը հակամանրէային կայունության դեմ պայքարի առաջնային գործիքներն են, ակնհայտ էր բոլորի համար, սակայն շեշտվել է նաև հրատապ գործնական քայլերի անհրաժեշտությունը կանխարգելիչ միջոցառումների մշակույթ ներդնելու ուղղությամբ: