ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
2026-06-09 11:05:12
110

Պեստիցիդներն ու ագրոքիմիկատները վնասատուների, մոլախոտերի, հիվանդությունների դեմ պայքարելու արդյունավետ միջոցներ են, որոնք նվազագույնի են հասցնում վնասատուներից և հիվանդություններից առաջացած վնասները՝ պահպանելով բերքի որակը։
Սակայն դրանց ոչ ճիշտ կիրառումը կարող է հանգեցնել այնպիսի հետևանքների, ինչպիսիք են սննդամթերքի, հողի և ջրի աղտոտումը, մարդու առողջության վնասումը։
Թունաքիմիկատների (պեստիցիդների) կիրառման ժամանակ կարևոր է պահպանել անվտանգության հիմնական կանոնները՝
1․ Անձնական պաշտպանություն՝
- կրել պաշտպանիչ հագուստ՝ ձեռնոցներ, դիմակ կամ ռեսպիրատոր, պաշտպանիչ ակնոց, երկարաթև հագուստ, փակ կոշիկներ,
- աշխատանքի ընթացքում չսնվել, չխմել, չծխել,
- աշխատանքից հետո պարտադիր լվանալ ձեռքերը, դեմքը, ցանկալի է՝ լոգանք ընդունել։
2․ Պատրաստման և կիրառման կանոններ՝
- պարտադիր կարդալ պատրաստուկի պիտակը և հետևել հրահանգներին,
- չգերազանցել նշված չափաբաժինները,
- լուծույթը պատրաստել բացօթյա կամ լավ օդափոխվող տարածքում,
- օգտագործել միայն դրա համար նախատեսված տարաներ և սարքավորումներ,
- պեստիցիդները չխառնել՝ առանց մասնագիտական ցուցումների։
3․ Կիրառման ընթացքում՝
- պահպանել անվտանգ հեռավորություն մարդկանցից, երեխաներից և կենդանիներից,
- պեստիցիդները հեռու պահել ջրային աղբյուրներից, ջրհորներից, սննդամթերքից,
- մեղուների ակտիվ ժամերին չկիրառել, որպեսզի չվնասվեն փոշոտող միջատները,
- չկիրառել ուժեղ քամու, անձրևի կամ բարձր ջերմաստիճանի պայմաններում։
4․ Պահեստավորում՝
- պեստիցիդները պահել բնօրինակ փաթեթավորմամբ՝ երեխաների և կենդանիների համար անհասանելի վայրում,
- չպահել սննդամթերքի կամ կենդանիների կերի կողքին,
- պահել չոր, զով, փակվող պահեստում,
- դատարկ տարաները չօգտագործել կենցաղային նպատակներով,
- պեստիցիդների մնացորդները չի կարելի թափել գետերի, հողի կամ կոյուղու մեջ։
5․ Թունավորման նշաններ՝
- գլխապտույտ,
- սրտխառնոց,
- շնչառության դժվարացում,
- աչքերի կամ մաշկի գրգռում:
Եթե նկատելի են նշված ախտանշանները, հարկավոր է անմիջապես դադարեցնել աշխատանքը, դուրս գալ բացօթյա տարածք և դիմել բժշկի։ Ցանկալի է բժշկին ցույց տալ նյութի պիտակը կամ ասել անվանումը։
Պեստիցիդների շրջանառության նկատմամբ հսկողությունը ոչ միայն իրավական պահանջ է, այլ նաև կենսական անհրաժեշտություն։ Պեստիցիդների ճշգրիտ կիրառումը նպաստում է անվտանգ գյուղատնտեսության զարգացմանը, հանրային առողջության պահպանմանը և շրջակա միջավայրի պաշտպանությանը։
ՏԵՂԵԿԱՆՔ - 2025 թվականին հանրապետությունում արձանագրվել է թունաքիմիկատներով թունավորման 75 դեպք, որից 8 դեպքը՝ Երևան քաղաքում, 67 դեպքը՝ մարզերում: Արձանագրված դեպքերից 1-ը՝ մահվան ելքով:
Թունաքիմիկատներով թունավորումների գերակշիռ մասը՝ 27%-ը, արձանագրվել է բնակչի անփութության, 22%-ը՝ ծնողի անուշադրության, 17%-ը՝ ինքնասպանության փորձ կատարելու, 16%-ը՝ անհատական պաշտպանության միջոցների բացակայության, 14.8%-ը՝ ոչ ճիշտ մակնշման և պահպանման հետևանքով: