ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Վիճարկման կարգ

Վիճարկման կարգ

Տեղեկատվություն

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին դիմելու և պաշտոնատար անձանց կողմից կայացված որոշումները, գործողությունները /անգործությունը/ վիճարկելու մասին

Համաձայն «Վարչարարության հիմունքների վարչական վարույթի մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի` Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (այսուհետ`Տեսչական մարմին) հանդիսանում է վարչական մարմին և իր իրավասությունների սահմաններում իրականացնում է վարչարարություն: Տեսչական մարմինը վարչարարությունն իրականացնում է Հայաստանի Հանրապտության վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1940-Լ որոշմամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում: Ուստի Տեսչական մարմին դիմելիս նախևառաջ անհրաժեշտ է համոզվել, որ հարցվող խնդիրը գտնվում է Տեսչական մարմնի լիազորությունների շրջանակներում:

Վարչական վարույթում վարույթի մասնակիցները կարող են մասնակցել ինքնուրույն, իրենց ներկայացուցիչների (լիազորված անձանց կամ օրինական ներկայացուցիչների) միջոցով կամ նրանց հետ միասին: Լիազորված անձինք կամ օրինական ներկայացուցիչները վարչական մարմնի պահանջով պարտավոր են ներկայացնել լիազորագիր կամ օրինական ներկայացուցիչ լինելը հաստատող փաստաթուղթ: Լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջնվում:

Վարչական վարույթն իրականացվում է, և վարչական ակտն ընդունվում է հայերենով: Վարույթի մասնակիցները իրենց փաստաթղթերը կարող են ներկայացնել այլ լեզվով, այս դեպքում վարչական մարմինը կարող է պահանջել ներկայացնել փաստաթղթերի թարգմանությունները հայերենով: Վարույթի ընթացքում թույլատրվում է օտար լեզուների օգտագործումը, սակայն այդ անձինք պարտավոր են իրենց ներկայացրած թարգմանչի միջոցով ապահովել հայերեն թարգմանություն, եթե վարչական մարմինն այդպիսի թարգմանություն ապահովելու հնարավորություն չունի:

Վարչական վարույթ հարուցելու հիմքերն են`

1) անձի դիմումը, բողոքը.

2) վարչական մարմնի նախաձեռնությունը:

Վարչական մարմին դիմումը ներկայացվում է գրավոր և պետք է պարունակի`

ա) դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` նրա լրիվ անվանումը.

բ) դիմողի հասցեն (իրավաբանական անձի գտնվելու վայրը).

գ) վարչական մարմնի անվանումը, որին ներկայացվում է դիմումը.

դ) դիմումով ներկայացվող պահանջը (դիմումի առարկա).

ե) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը (եթե այդպիսիք ներկայացվում են).

զ) դիմումը կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը.

է) դիմողի ստորագրությունը, իսկ իրավաբանական անձի դեպքում` նրա իրավասու պաշտոնատար անձի ստորագրությունը:

Եթե վարչական ակտի համար օրենքով նախատեսվում է մուծել պետական կամ տեղական տուրք կամ կատարել այլ պարտադիր վճարում, ապա պետք է ներկայացվի նաև մուծման կամ վճարման կատարումը հավաստող փաստաթուղթ:

Եթե դիմումը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա պետք է ներկայացվի նաև օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիր:

Եթե դիմումը ներկայացվել է ոչ իրավասու վարչական մարմին, ապա դիմումն ստացած Տեսչական մարմինը եռօրյա ժամկետում դա վերահասցեագրում է իրավասու վարչական մարմին` ծանուցելով դիմողին:

Եթե դիմումում ներկայացված հարցերից մեկը կամ մի քանիսը ենթակա են վարչական այլ մարմնի իրավասությանը, ապա Տեսչական մարմինը դիմումն այդ մասով վերահասցեագրում է իրավասու վարչական մարմին` ծանուցելով դիմողին:

Եթե դիմումով առաջադրված պահանջը չի մտնում ինչպես Տեսչական մարմնի, այնպես էլ որևէ այլ վարչական մարմնի իրավասության մեջ, ապա Տեսչական մարմինը դիմումը և դրան կից փաստաթղթերը, դրանք ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, վերադարձնում է դիմողին` նշելով պատճառների մասին:

Դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի մասին Տեսչական մարմինը եռօրյա ժամկետում ծանուցում է վարչական վարույթի մասնակիցներին՝ վարչական վարույթի հարուցման մասին։

Վարչական վարույթը պետք է իրականացվի առանց դա բարդացնելու` լրացուցիչ լսումներ անցկացնելու, լրացուցիչ փորձաքննություն նշանակելու կամ զննում կատարելու, եթե առկա չեն գործի փաստական հանգամանքների պարզաբանման համար անհրաժեշտ պատճառներ:

Վարչական վարույթի մասնակիցները, վարչական մարմնի գործունեության հրապարակայնությունը և վարչական վարույթի իրականացման ժամանակ այդ մարմնի անաչառությունն ապահովելու նպատակով, իրավունք ունեն վարույթն իրականացնող մարմնում ծանոթանալու վարչական վարույթի նյութերին:

Ապացուցման պարտականությունը

Անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է`

1) անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում.

2) վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

Վարչական վարույթի ժամկետները

Վարչական վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է: Օրենքով կարող են սահմանվել հատուկ` 30 օրից կարճ կամ ավելի երկար ժամկետներ: Վարչական վարույթի ժամկետը կարող է Օրենքի 47-րդ հոդվածով սահմանված կարգով երկարաձգվել։

Վարչական վարույթի կասեցնելը

1Վարչական մարմինը պարտավոր է կասեցնել վարչական վարույթը, եթե`

1) անհնարին է տվյալ վարույթի արդյունքում ակնկալվող վարչական ակտի ընդունումը մինչև սահմանադրական, վարչական, քաղաքացիական կամ քրեական դատավարության կարգով քննվող գործով որոշում (դատական ակտ) կայացնելը.

2) վարույթին չի ներկայացել վարչական ակտի հասցեատերը, իսկ օրենքը բացառում է առանց նրա ներկայության համապատասխան վարչական ակտ ընդունելը.

3) վարչական ակտի ընդունումը հնարավոր է միայն այդ ակտի հասցեատիրոջն ի հայտ բերելու դեպքում:

2. Վարչական մարմինը կարող է կասեցնել վարչական վարույթը, եթե`

1) վարչական ակտի հասցեատերը բացակայում է, և վարչական մարմինը, նախքան վարչական ակտ ընդունելը, անհրաժեշտ է համարում նրա ներկայությունը` վարույթին առնչվող որոշ կարևոր հանգամանքներ նրանից պարզելու համար.

2) ընդունվելիք վարչական ակտի հասցեատեր իրավաբանական անձը վերակազմակերպվում է:

Վարչական վարույթը կարող է կասեցվել նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Վարչական վարույթի կարճումը

1. Դիմումով հարուցված վարչական վարույթը կարճվում է, եթե`

1) դիմումը ներկայացվել է առանց ստորագրության, և վարչական մարմինը, միջոցներ ձեռնարկելով դիմողին բացահայտելու ուղղությամբ, չի կարողացել պարզել, թե ով է հայցում համապատասխան վարչական ակտի ընդունումը.

2) դիմողը գրավոր ձևով հրաժարվում է իր դիմումից.

3) գոյություն ունի միևնույն անձի, միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով ուժի մեջ մտած վարչական կամ դատական ակտ.

4) դատարանի վարույթում գտնվում է միևնույն անձանց միջև, միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով գործ.

5) փոխվել է դիմողի կարգավիճակը, որն օրենքի ուժով բացառում է դիմումով հայցվող վարչական ակտի ընդունումը.

51) լրացել է սույն օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված ժամկետը, և այդ ընթացքում չի վերացել վարչական վարույթի կասեցման հիմք հանդիսացած հանգամանքը.

6) դիմումն անթույլատրելի է:

Դիմումով հարուցված վարչական վարույթը կարճվում է նաև սույն Օրենքի 70-րդ հոդվածով նախատեսված դեպքերում:

2. Վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը կարող է կարճվել, եթե`

1) անձը, ում հասցեագրված է լինելու վարչական ակտը, վերացրել է օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումները կամ պատշաճ միջոցներ է ձեռնարկել խախտումները կանխելու ուղղությամբ, և նման դեպքերում օրենքն այդ խախտումների վերաբերյալ չի պահանջում վարչական ակտի ընդունում.

2) օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումների կամ դրանց կանխման հետ չկապված հարցով իրավիճակի փոփոխման կամ օրենքով նախատեսված այլ հիմքով վերացել է վարչական ակտի ընդունման անհրաժեշտությունը:

Վարչական ակտի ձևերը

Վարչական ակտը, որպես կանոն, ընդունվում է գրավոր` որոշման, հրամանի, կարգադրության կամ օրենքով նախատեսված այլ ձևով:

Օրենքով նախատեսված դեպքերում վարչական ակտը կարող է ընդունվել բանավոր:

Բանավոր վարչական ակտը, ակտի հասցեատիրոջ բանավոր կամ գրավոր պահանջով, ենթակա է հետագա գրավոր ձևակերպման ինչպես օրենքով նախատեսված դեպքերում, այնպես էլ այն դեպքում, երբ ակտի հասցեատերն ունի արդարացված շահ:

Վարչական ակտի մասին իրազեկելը

Գրավոր վարչական ակտն ընդունումից հետո եռօրյա ժամկետում պետք է հանձնվի վարչական վարույթի մասնակիցներին Օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգի համաձայն։

Բանավոր վարչական ակտը հրապարակվում է բանավոր ձևով` դրա հասցեատիրոջը (հասցեատերերին) հայտարարելու միջոցով: Բանավոր վարչական ակտը կարող է հրապարակվել դրա հասցեատիրոջ համար հասկանալի որևէ օտար լեզվով:

Վարչական ակտի ուժի մեջ մտնելը

Գրավոր վարչական ակտն ընդունված է համարվում այդ ակտը վարչական մարմնի իրավասու պաշտոնատար անձի կողմից ստորագրվելու օրվանից:

Բանավոր և այլ ձևի վարչական ակտերն ընդունված են համարվում այդ ակտերը հրապարակվելու պահից:

Վարչական ակտը վերանայելը վերադասության կարգով

Վարչական մարմնի ընդունած վարչական ակտի վերաբերյալ բողոքի բացակայության դեպքում այդպիսի ակտ ընդունած վարչական մարմնի վերադաս վարչական մարմինը (պաշտոնատար անձը), վերահսկողության կարգով և իր նախաձեռնությամբ, իրավունք ունի վերանայել ստորադաս վարչական մարմնի ընդունած վարչական ակտը:

Վարչական ակտի բողոքարկման կարգը

1. Ակտը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:

2. Վարչական կարգով բողոք կարող է ներկայացվել ակտն ընդունած`

ա) վարչական մարմին.

բ) վարչական մարմնի վերադաս վարչական մարմին:

Բողոքարկման ժամկետները

1. Վարչական բողոքը կարող է բերվել`

ա) վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում.

բ) վարչական մարմնի կողմից գործողություն կատարելու օրվանից մեկ ամսվա ընթացքում.

գ) վարչական մարմնի կողմից անգործություն ցուցաբերելու օրվանից 2 ամսվա ընթացքում.

դ) գրավոր վարչական ակտում դրա բողոքարկման ժամկետը նշված չլինելու դեպքում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում:

2. Օրենքում նշված ժամկետները բաց թողնելուց հետո ակտը դառնում է անբողոքարկելի: Բողոքարկման ժամկետը կարող է վերականգնվել հարգելի պատճառով բաց թողնվելու դեպքում:

Բողոքարկման ժամկետի բաց թողնելը հարգելի համարելու հանգամանք կարող է դառնալ վարույթի մասնակցից անկախ պատճառներով բողոքարկման ժամկետը բաց թողնելը:

Բողոքարկման ժամկետը բաց թողնելու պատճառը (պատճառներ) վերացնելուց հետո վարույթի մասնակիցը կարող է բողոք ներկայացնել 15 օրվա ընթացքում` նշելով ժամկետը բաց թողնելու պատճառը (պատճառներ): Վարչական մարմինը, որի վարույթում է գտնվում վարչական բողոքը, վերականգնում է բաց թողնված ժամկետը և բողոքն ըստ էության քննարկում և լուծում է, եթե բողոքով կամ բողոքի քննարկման ընթացքում հիմնավորվում է բողոք բերողից անկախ պատճառներով (նրա մեղքի բացակայությամբ) բողոքարկման ժամկետը բաց թողնելու հանգամանքը:

Բողոքարկման ժամկետը լրանալուց մեկ տարի անցնելուց հետո վարույթի մասնակիցը կորցնում է բողոքարկման ժամկետը հարգելի պատճառներով բաց թողնելու հիմնավորմամբ բողոք բերելու իրավունքը, բացառությամբ այն դեպքերի, երբ բողոք բերելու ժամկետը բաց թողնելը կապված է անհաղթահարելի ուժի առաջացրած հետևանքների հետ:

Վարչական բողոք բերելու իրավական հետևանքները

1. Վարչական բողոք բերելը կասեցնում է բողոքարկվող վարչական ակտի կատարումը, բացառությամբ`

ա) օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման.

բ) այն դեպքերի, երբ անհապաղ կատարումն անհրաժեշտ է հանրային շահերից ելնելով.

գ) այն դեպքերի, երբ բողոքարկվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու կամ այդ իրավունքից զրկելու ձևով վարչական տույժ նշանակելու վերաբերյալ վարչական ակտ.

դ) այն դեպքերի, երբ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից բողոքարկվում է վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտ (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի դեպքում հասցեատիրոջ համար բարենպաստ դրույթները).

ե) այն դեպքերի, երբ բողոքարկվում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կամ համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին կայացված վարչական ակտ:

Օրենքով նախատեսված դեպքերում վարչական ակտի անհապաղ կատարման պահանջը (շահը) պետք է հիմնավորվի գրավոր: Հիմնավորում չի պահանջվում, եթե վարչական ակտի կատարումը կասեցնելու հետևանքով կարող է անմիջականորեն վտանգվել անձանց կյանքը, առողջությունը կամ սեփականությունը, և այդ վտանգը կանխելու համար վարչական մարմինը հարկադրված կլինի ձեռնարկել արտակարգ միջոցներ, ինչպես նաև, երբ վտանգն արդեն իսկ առաջացել է:

Օրենքով նախատեսված դեպքում, վարչական մարմնի նախաձեռնությամբ կամ պատասխանողի դիմումի հիման վրա, վարչական ակտի կատարումը կարող է չկասեցվել:

2. Վարչական մարմինը կարող է վարչական ակտի գործողությունը չկասեցնելու վերաբերյալ պատճառաբանված որոշում ընդունել, եթե բողոքը բերվել է միայն վարչական ակտի կատարումը կասեցնելու նպատակով:

Վարչական բողոքի քննարկման կարգը և սահմանները

1. Վարչական բողոքի քննարկումն իրականացվում է սույն Օրենքի II բաժնով սահմանված դրույթներին համապատասխան, եթե Օրենքովայլ բան նախատեսված չէ:

2. Վարչական բողոքը քննարկվում է բողոքարկված վարչական ակտի իրավաչափության տեսանկյունից, իսկ հայեցողական լիազորության իրականացման դեպքում` նաև նպատակահարմարության տեսանկյունից:

3. Վարչական մարմինը վարչական բողոքը քննարկելիս առաջնորդվում է ինչպես գործում առկա, այնպես էլ լրացուցիչ ներկայացվող ապացույցներով:

Վարչական բողոքի վերաբերյալ ըստ էության որոշում ընդունելը

1.Քննարկելով վարչական ակտի վերաբերյալ բերված վարչական բողոքը` վարչական մարմինը, որն ընդունել է բողոքարկվող վարչական ակտը, իրավասու է՝

ա) բավարարելու բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն` ճանաչելով վարչական ակտն անվավեր կամ առ ոչինչ կամ ընդունելով նոր վարչական ակտ.

բ) մերժելու բողոքը՝ վարչական ակտը թողնելով անփոփոխ։

2.Քննարկելով վարչական մարմնի գործողությունների դեմ բերված վարչական բողոքը` վարչական մարմինը, որի գործողությունները բողոքարկվել են, իրավասու է՝

ա) բավարարելու բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն՝ ճանաչելով բողոքարկվող գործողությունը ամբողջությամբ կամ մասնակիորեն ոչ իրավաչափ և դադարեցնելով տվյալ գործողությունը, եթե բողոքի վերաբերյալ դիմում ընդունելու պահին այն շարունակվել է.

բ) մերժելու բողոքը՝ գործողության իրավաչափ լինելու պատճառաբանությամբ։

Եթե համապատասխան բողոքը, սույն օրենքին համապատասխան, քննարկում է վարչական ակտն ընդունած վարչական մարմնի վերադաս վարչական մարմինը, ապա բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարման ենթակա համարելու դեպքում վերադաս վարչական մարմինը կարող է ընդունել նշված մասերով նախատեսված որոշումներից որևէ մեկը կամ ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանել գրավոր վարչական ակտը և հանձնարարել վարչական ակտն ընդունած ստորադաս վարչական մարմնին՝ ընդունելու նոր վարչական ակտ կամ դադարեցնելու ոչ իրավաչափ գործողությունը կամ կատարելու հայցվող գործողությունը։

Վարչական ակտը կարող է վիճարկվել դատական կարգով` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի շրջանակներում վարչական ակտերի վիճարկման բոլոր և հնարավոր միջոցները սպառելու դեպքում, ինչպես նաև, ըստ ցանկության, առանց այդ միջոցների կիրառման` ֆիզիկական կամ իրավաբանական անձը կարող է անմիջապես դիմել ՀՀ վարչական դատարան: ՀՀ վարչական դատարան դիմելու դեպքում կիրառվում են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված պահանջները: