Մսի հիգիենան ու դրա վերահսկողությունը առաջնահերթություն
Մսի հիգիենան ու դրա վերահսկողությունը առաջնահերթություն
2021-07-07 13:57:54 2870
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ՝ այսօր սկսվել է մսի հիգիենային ու դրա վերահսկողությանը նվիրված վերապատրաստման եռօրյա դասընթաց, որին մասնակցում են ՍԱՏՄ աշխատակիցներ, ներկայացուցիչներ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) հայկական գրասենյակից, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» և «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ներից, ինչպես նաև սպանդանոցների անասնաբույժներ:
Դասընթացը, որը վարել է ՊԳԿ միջազգային փորձագետ Էնդրյու Գոլդին, նպատակ ունի մշակել ռիսկի վրա հիմնված մսի ստուգման հայեցակարգը` ապահովելու համար անվտանգ սննդի արտադրությունը սպառողների համար: Սա նաև ևս մեկ հնարավորություն է փորձագետների համար՝ զարգացնելու կարողությունները վտանգների ու ռիսկերի կառավարման, HACCP-ի վերաբերյալ:
Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը շեշտել է մարդու սննդակարգում մսամթերքի անվտանգությունն ու դրա ապահովմանն ուղղված ջանքերի կարևորությունը: «Սա հրաշալի հնարավորություն է կատարելագործելու ձեր գիտելիքները նախասպանդային զննության, սպանդի իրականացման, մսեղիքի հետսպանդային փորձաքննության կազմակերպման ոլորտում. կոմպլեքս միջոցառումներ՝ միտված սպառողին ստուգված-անվտանգ միս-մսեղիք հասցնելուն»,- ասել է պարոն Հայրապետյանը:
Դասընթացը կազմակերպվել է «Ռիսկերի գնահատման և կառավարման ոլորտում սննդամթերքի անվտանգության և կենդանիների առողջության կարողությունների ամրապնդում» ծրագրի շրջանակներում, որի հիմնական նպատակն է Հայաստանի կառավարությանը տրամադրել տեխնիկական աջակցություն՝ սննդամթերքի անվտանգության, կենդանիների առողջության և բույսերի առողջության ռիսկերի վերաբերյալ ապացույցների և տվյալների ստացման աղբյուրների բացահայտման և կատարելագործման համար (ծրագիրը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից և իրականացվում ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ):