«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ. ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼ ԱՆՍՊԱՍԵԼԻԻՆ»
«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ. ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼ ԱՆՍՊԱՍԵԼԻԻՆ»
2024-06-07 10:29:44 440
Այսօր սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրն է ու ևս մեկ առիթ ընդգծելու անվտանգ սննդամթերքի կարևորությունը մարդու առողջության համար։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում մոտ 600 միլիոն մարդ (10-ից 1-ը) հիվանդանում է աղտոտված սննդի օգտագործումից, իսկ 420 հազարը՝ մահանում նույն պատճառով: Ոչ վաղ անցյալում նաև Հայաստանում արձանագրվեց սննդային գործոնով պայմանավորված թունավորման դեպք, որից տուժեց գրեթե 250 մարդ: Սա խնդիր է, որը համատեղ ջանքեր է պահանջում:
Կարևոր է շեշտել, որ սննդամթերքի անվտանգությունը կոլեկտիվ պատասխանատվություն է, որտեղ բոլորը՝ արտադրողներից մինչև սպառողներ, ունեն հիմնարար պատասխանատվություն: Ու թեև կողմերը կատարում են իրենց պարտականությունները, մենք հաճախ ենք բախվում բացառիկ, անսպասելի իրավիճակների, որոնք կարող են վտանգել մարդու առողջությունը:
Պետք է գիտակցել սննդամթերքի անվտանգության հետ կապված միջադեպերին պատրաստվելու կարևորությունը, անկախ նրանից, թե որքան մեղմ կամ ծանր են դրանք: Այդ դեպքերը կառավարելու պատրաստ լինելը պահանջում է սննդամթերքի անվտանգությունն ապահովող ամբողջ շղթայի՝ քաղաքականություն մշակողների, սննդամթերքի անվտանգության մարմինների, ֆերմերների, սնունդ արտադրողների ու վաճառողների, ջանքերը:
Սննդամթերքի անվտանգության անսպասելի խնդիրներից խուսափելու համար ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ջանում է բարձրացնել մարդկանց իրազեկվածությունը սննդի անվտանգության խնդիրների վերաբերյալ, ուսումնասիրում է միջազգային փորձն ու քայլեր ձեռնարկում սննդամթերքի անվտանգությունը բարելավելու համատեղ մոտեցումներ, լուծումներ, ուղիներ մշակելու, միջազգային լավագույն փորձը տեղայնացնելու համար, կարևորում է սննդի շղթայի յուրաքանչյուր դերակատարի գործունեությունը, պատասխանատվությունն ու թիմային աշխատանքը:
Այս համալիր մոտեցումը միայն կարող է ապահովել ոլորտի զարգացումը։
Շնորհավորում եմ բոլորիս սննդամթերքի անվտանգության միջազգային օրվա կապակցությամբ: