ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ Է ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ
ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ Է ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ
2024-09-02 17:00:45 736
Սեպտեմբերի 2-ին Երևանում մեկնարկել է Բույսերի պաշտպանության միջազգային կոնվենցիայի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային աշխատաժողովը, որին մասնակցում են ներկայացուցիչներ աշխարհի 27 երկրներից։
Աշխատաժողովի նպատակն է քննարկել բույսերի պաշտպանության միջազգային չափորոշիչներն ու ստանդարտները, քննարկել անդամ-երկրներում տիրող բուսասանիտարական իրավիճակը, կատարված բուսասանիտարական միջոցառումներն ու դրանց արդյունքները և, անհրաժեշտության դեպքում, կոնվենցիայում կատարել փոփոխություններ ու արդիականացնել այն:
Աշխատաժողովի բացմանը մասնակիցներին ողջունել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը:
Գևորգ Պապոյանը կարևորել է բույսերի և բուսական ապրանքների վնասատուներին հսկելու, նրանց միջազգային տարածումը և հատկապես վարակազերծ տարածքներ նրանց ներթափանցումը կանխարգելելու ոլորտում միջազգային համագործակցության անհրաժեշտությունը՝ նշելով, որ բուսասանիտարական վիճակի ուսումնասիրության և բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացումը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի պարենային ապահովության և անվտանգության տեսանկյունից։
Արմեն Հայրապետյանն առանձնացրել է կոնվենցիայով սահմանված միջազգային ստանդարտների կիրառության կարևորությունը ազգային մակարդակներում՝ շեշտելով, որ բույսերի առողջության պահպանությունը կարևոր է երեք՝ մարդու առողջության, երկրի տնտեսական առաջընթացի և այդ բնագավառում միջազգային համագործակցության զարգացման, տեսակետից:
Շնորհակալություն հայտնելով կազմակերպությանը տարածաշրջանային աշխատաժողովը Երևանում անցկացնելու համար՝ պաշտոնյաները մասնակիցներին մաղթել են արդյունավետ աշխատանք։
Միջոցառմանը ներկա են եղել նաև Բույսերի Պաշտպանության Եվրոպական և Միջերկրածովյան կազմակերպության (EPPO) գլխավոր տնօրեն Նիկո Հորնը, Բույսերի պաշտպանության միջազգային կոնվենցիայի ներկայացուցիչ (IPPC) Արթուր Շամիլովը։
Հայաստանի Հանրապետությունը «Բույսերի միջազգային պաշտպանության մասին» կոնվենցիային անդամակցում է 2006 թվականից։