ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
2024-08-01 10:58:45 89
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Մարիամ Գևորգյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (ք․ Երևան, Հակոբ Հակոբյան փ․)։
Մասնավորապես՝
- արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը ապահովված չի եղել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակած կամ խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների հոսքայնության հնարավորությունը,
- շինությունների հատակի մասերը, որտեղ իրականացվել է սննդամթերքի արտադրությունը պատրաստված են եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, սակայն առկա են եղել ճաքեր և վնասված հատվածներ, որը հնարավորություն չի տվել իրականացնել ախտահանման, ինչպես նաև պատշաճ ձևով ցամաքեցման աշխատանքներ,
- սննդամթերքի արտադրության գործընթացում սահմանված չի եղել և չի իրականացվել օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը,
- սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մասնավորապես հումքի մշակման սեղանի աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն եղել չներծծող նյութերից:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։