«ԿԻՐԱՌԱԿԱՆ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ 2024». ՍԻՄՊՈԶԻՈՒՄ ԱԼՄԱԹԻՈՒՄ
«ԿԻՐԱՌԱԿԱՆ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ 2024». ՍԻՄՊՈԶԻՈՒՄ ԱԼՄԱԹԻՈՒՄ
2024-09-16 10:59:48 271
Ղազախստանի Ալմաթի քաղաքում 2024 թվականի սեպտեմբերի 10-12-ն անցկացվել է «Կիրառական համաճարակաբանություն 2024» խորագրով 1-ին գիտական տարածաշրջանային սիմպոզիումը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների համար, որին մասնակցել են տարածաշրջանի բոլոր 10 երկրները՝ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուկրաինան և Ուզբեկստանը։ Հայաստանի պատվիրակությունը գլխավորել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սոնա Ծառուկյան:
Սիմպոզիումը կազմակերպվել է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակը (US CDC)՝ Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Ղազախստանի երիտասարդական տեղեկատվական ծառայության (YISK) և Կոլումբիայի համալսարանի հետ համատեղ:
Համաժողովը նպատակն էր ներկայացնել դաշտային համաճարակաբանական վերապատրաստման ծրագրի (FETP) ազդեցությունը տարածաշրջանում, ինչպես նաև քննարկել և ամրապնդել տեղեկատվության անդրսահմանային փոխանակման պրակտիկան: FETP-ը աշխատավայրում ուսուցման ծրագիր է, որի նպատակն է զարգացնել առողջապահական և գյուղատնտեսական գերատեսչությունների միջին մակարդակի այն անձնակազմի գիտելիքներն ու հմտությունները, որոնք ներգրավված են մարդկանց և կենդանիների առողջության պահպանման աշխատանքներում: Այս ծրագրերը միտված են ամրապնդելու համաճարակաբանական ծառայությունների՝ հանրային առողջության հսկողության համակարգերը, բռնկումների հետազոտության ու վերահսկման կարողությունները, ինչպես նաև բարելավելու դաշտային հետազոտությունները՝ ուղղված հանրային առողջության առաջնահերթ խնդիրներին:
Պանելային քննարկումների և ելույթների ընթացքում հրավիրված երկրների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց հետազոտական աշխատանքները համաճարակաբանական հսկողության, հակամանրէային դիմադրողականության, առողջապահության կառավարման տեղեկատվական համակարգերի, հաղորդակցության և հանրային ներգրավվածության թեմաներով, փոխանակել փոխադարձ օգտակար և կարևոր տեղեկատվություն։