ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԿԿԱՐԳԱՎՈՐՎԵՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԿԿԱՐԳԱՎՈՐՎԵՆ
2025-02-10 14:32:47
142
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը Վայոց Ձորի մարզում էր խիստ հագեցած օրակարգով. այցելություններ անասնապահական ֆերմա, սպանդանոց, պանրի արտադրամաս, ինչպես նաև հանդիպումներ մարզպետի, մարզի վարչական ղեկավարների, տնտեսավարողների ու գյուղացիների հետ:
Տնտեսավարողների, ֆերմերների և վարչական շրջանների ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում վերջիններիս մտահոգող հիմնական խնդիրը եղել է սպանդանոցների անհասանելիությունն ու կենդանիների հիվանդությունների տարածումը: Ըստ նրանց՝ մարզում չկան հասանելի սպանդանոցներ, իսկ տարբեր վայրերից Վայոց Ձորի արոտավայրեր բերվող, այ մարզերից առանց ստուգման գնվող կենդանիները տարածում են հիվանդությունները, մասնավորապես՝ բրուցելոզը, վարակում մարզի կենդանիներին:
Տեսչական մարմնի ղեկավարը ներկաներին ծանոթացրել է կառավարության որոշմանը, ըստ որի սահմանվել է հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որտեղ հնարավոր է կառուցել սպանդանոցային կետեր: Հանդիպմանը ներկա մարզի վարչական ղեկավարները վստահեցրել են, որ իրենք պատրաստակամ են յուրաքանչյուր նախաձեռնողի այդ հարցում տրամադրելու համակողմանի աջակցություն: Իսկ մինչ այդ՝ «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պարտավոր է և անխափան իրացնելու է իր գործառույթը՝ թույլ չտալ, որ իրացման ցանցից քաղաքացու սեղանին հայտնվի ոչ սպանդանոցային ծագման միս և մսեղիք»,- հանդիպման մասնակիցներին վստահեցրել է Արմեն Դանիելյանը՝ հորդորելով օգտվել Արենի համայնքի Ագարակաձոր գյուղում գործող նորակառույց սպանդանոցային կետի ծառայություններից, ուր ինքն այցելել է մինչ իրենց հետ հանդիպումը ու ծանոթացել հզորություններին (3-4 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, 5 գլուխ խոզ), ինչպես նաև դիմել հարակից մարզերի սպանդանոցներ: Նա ներկաներին է փոխանցել Կոտայքի մարզի Ջրառատ գյուղում գտնվող սպանդանոցի սեփականատեր Հովհաննես և Արման Աբելյանների տվյալները (հեռ. 093 46-36-89 կամ 077 81-80-00), որոնք պատրաստ են հանրապետության ցանկացած բնակավայրից ԱՆՎՃԱՐ ՏԵՂԱՓՈԽԵԼ կենդանիներին իրենց սպանդանոց և կազմակերպել մորթը: Ցանկության դեպում, յուրաքանչյուր կենդանատեր կարող է դիմել տվյալ ընկերությանը և ստանալ մորթի որակյալ ծառայություն:
Վայոց Ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է մարզի սննդի շղթայի կազմակերպությունների նկատմամբ վերահսկողությունը, սպանդային կետերի կառուցմանն ուղղված աջակցությունը, կենդանիների հիվանդությունների տարածման դեմ պայքարի գործուն մեխանիզմների ներդրումը:
ՍԱՏՄ ղեկավարը այցելել է անասնապահական ֆերմա Վերնաշեն գյուղում և կաթի վերամշակման արտադրամաս Ելփին բնակավայրում: Ելփինում գյուղացիների հետ ինքնաբուխ հանդիպման ընթացքում ևս Տեսչական մարմնի ղեկավարությունը ներկայացրել է հնարավոր բոլոր լուծումները սպանդանոցային մորթը առանց խնդիրների կազմակերպելու համար:
![2T9A0827_1739183637.jpg 2T9A0827_1739183637.jpg](https://snund.am/public/storage/uploads/2T9A0827_1739183637.jpg)