ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ. ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԸՆԹԱՑՔԸ
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ. ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԸՆԹԱՑՔԸ
2025-05-20 18:08:52
81
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության և դրանից բխող 2023-2028 թթ․ գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը:
ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ Սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թթ․ ծրագրից:
Զեկուցվել են սննդամթերքի անվտանգության ապահովման, առողջ բնակչության, շուկայի ընդլայնման ու արտահանման աճի, արտադրողականության բարձրացման, ներդրումների ավելացման և սոցիալական կայունության, տնտեսական աճի ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքները:
Մասնավորապես, դրանք միտված են եղել օրենսդրության կատարելագործման, գիտականորեն հիմնավորված քաղաքականության մշակման, որակի և անվտանգության կառավարման համակարգերի ներդրման, ինստիտուցիոնալ, այդ թվում՝ լաբորատոր կարողությունների հզորացման, հետագծելիության ապահովմանը:Անդրադարձ է կատարվել սպանդանոցային գործունեությանը, նշվել է, որ իրականացվել են սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսվարողների համար նախատեսված տարբեր ծրագրեր:
Տեղեկատվություն է ներկայացվել 2024-2025 թթ․ ընթացքում ՍԱՏՄ-ի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ: Իրականացվել են նաև գյուղատնտեսական կենդանիների պատվաստման, կենդանական ծագման մթերքում մնացորդային նյութերի հսկողության ծրագրեր: Մանրամասներ են ներկայացվել առանձնացված դարակաշարերով կաթնամթերքի վաճառքի, կերային հավելումների պետական գրանցման և ռեեստրի վարման հետ գործընթացների վերաբերյալ:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել սննդամթերքի անվտանգության ոլորտում խախտումների հայտնաբերման և արձագանքման մեխանիզմներին, վերջիններիս արդյունավետությանը, սպանդանոցային գործունեության հետ կապված օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաև անասնաբուժական ծառայությունների բարելավմանը և կարողությունների զարգացմանը: Քննարկված հարցերի շրջանակում վարչապետը տվել է համապատասխան հանձնարարականներ: