ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ, ԲԱՅՑ ԼՈՒԾԵԼԻ. ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ, ԲԱՅՑ ԼՈՒԾԵԼԻ. ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
2025-05-26 15:32:50
180
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Տիգրան Պետրոսյանի՝ Շիրակի մարզի տարբեր բնակավայրեր կատարած այցի ընթացքում քննարկումների հիմնական թիրախը մորթի ծառայություն մատուցող սպանդանոցների, ինչպես նաև կենդանիների հիվանդությունների տարածումը կանխելու խնդիրներն էին:
Աշոցքի տարածաշրջանում կազմակերպված հանդիպման ընթացքում կենդանատերերը խոսել են սպանդանոցների հետ պայմանավորվածություններ ձեռք բերելու դժվարությունների մասին, հատկապես, որ դրանք Շիրակի մարզում փաստացի բացակայում են: Պարոն Պետրոսյանն առաջարկել է Տեսչական մարմնի աջակցությունը կից մարզերի սպանդանոցների հետ հարաբերությունների կարգավորման հարցում, շեշտելով, որ ոչ սպանդանոցային ծագման միսը իրացման ցանցում վաճառվել չի կարող: Նա հույս է հայտնել, որ, ըստ ստացված հայտերի, շուտով նաև Շիրակում կսկսեն գործել սպանդանոցներ: «Հիվանդությունների տարածումը մարզից մարզ բացառելու նպատակով, մենք, ոստիկանության ներկայացուցիչների հետ համատեղ, խստորեն վերահսկելու ենք կենդանիների տեղաշարժը, խնդրում եմ այս հարցում լինել հնարավորինս ուշադիր, հիվանդ կեդանիների մասին անմիջապես տեղեկացնել Տեսչական մարմնին»,- հորդորել է Տիգրան Պետրոսյանը:
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ հանդիպումն անցել է գործնական քննարկումների մթնոլորտում. խոսվել է ինչպես սպանդանոցների բացմանը նպաստելու և կենդանիների հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարի, այնպես էլ սննդամթերքի անվտանգության պահպանման համար ջանքերը համատեղելու անհրաժեշտության մասին: Տիգրան Պետրոսյանը մարզպետին է ներկայացրել շների կատաղության հիվանդության հետ կապված վիճակագրական տվյալները: Պարոն Առուշանյանը պատրաստակամություն է հայտնել իր իրավասությունների շրջանակներում հետամուտ լինել բոլոր հարցերի լուծմանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկված հարցերի շրջանակում համագործակցության և փոխադարձ աջակցության մասին:
Սննդի շղթայի օպերատորների՝ հաց, հրուշակեղեն, կաթնամթերք արտադրողների, սպանդանոցների ներկայացուցիչների, մսավաճառների, հետ Գյումրիում տեղի ունեցած հանդիպման ընթացքում պարոն Պետրոսյանը ներկայացրել է Տեսչական մարմնի կայուն դիրքորոշումը. կենդանիների հիվանդությունների նկատմամբ վերահսկողությունը լինելու է խիստ և առանց զիջումների. հիվանդ կենդանիները ենթակա են հարկադիր սպանդի, իսկ իրացման ցանցում առանց սպանդանոցային մորթը վկայող 5-րդ ձևի ուղեկցության միս-մսեղիքի հայտնաբերման դեպքում, խմբաքանակը կառգրավվի և կոչնչացվի, տնտեսավարողը կենթարկվի վարչական պատասխանատվության:
Տեսչական մարմնի մասնագետները խոսել են նաև հացի պարտադիր փաթեթավորման պահանջը, սննդամթերքի անվտանգության նորմերը պահելու անհրաժեշտության մասին, պատասխանել տնտեսավարողների հարցերին՝ նշելով ցանկացած հարցում ուղղորդելու, աջակցելու, խորհրդատվություն տրամադրելու պատրաստակամության մասին:
ՍԱՏՄ ղեկավարի պարտականությունները կատարող Տիգրան Պետրոսյանը Շիրակի մարզում այցելել է կաթնամթերի և մսամթերքի արտադրություններ, վստահեցրել, որ բարձրորակ ու անվտանգ արտադրանքի արտահանման հարցում Տեսչական մարմինը սահմանային վերահսկողության արագ ու որակյալ ծառայություն կմատուցի:
Այցելություն է կատարվել նաև Բավրայի մաքսակետ, որտեղ պարոն Պետրոսյանը ծանոթացել է Տեսչական մարմնի Բավրա-Գյումրի սահմանային պետական վերահսկողության բաժնի աշխատանքներին, տարածքի՝ բեռներ ընդունելու ու վերահսկողական միջոցառումներ անցկացնելու հնարավորություններին, բուսասանիտարական լաբորատորիայի կարողություններին: