ԵԱՏՄ շրջանակներում զարգացնել համագործակցությունը սննդամթերքի անվտանգության ոլորտում
ԵԱՏՄ շրջանակներում զարգացնել համագործակցությունը սննդամթերքի անվտանգության ոլորտում
2021-11-18 05:30:00 910
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) տեխնիկական կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վիկտոր Նազարենկոյի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են սննդամթերքի անվտանգությանը, դրա վերահսկողությանը, այդ ոլորտի միջազգային ստանդարտներին ու ազգային օրենսդրությունը դրանց համապատասխանեցնելու հետ կապված հարցեր:
Գեորգի Ավետիսյանը ներկայացրել է Տեսչական մարմնի կառուցվածքը, գործառույթները, ազդեցության ոլորտներն ու այն խնդիրները, որոնց առկախումը կարող է խոչընդոտել առավել արդյունավետ աշխատանքին: Նա շեշտել է միջազգային համագործակցության, իրավական ակտերի փոխհամաձայնեցման և պարզեցված վերահսկողության անհրաժեշտությունը:
Վիկտոր Նազարենկոն խոսել է ԵԱՏՄ մաքսային տարածքում մարդու առողջության և կյանքի, կենդանիների և բույսերի, շրջակա միջավայրի համար անվտանգ արտադրանքի ազատ շրջանառության համար միասնական իրավական դաշտի ստեղծման մասին՝ նշելով, որ այս ուղղությամբ տեխնիկական կանոնակարգերը հիմանկանում կան և ազգային օրենսդրությունը պետք է դրանց հետ հնարավորինս համահունչ լինի:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են սննդամթերքում հակաբիոտիկների մնացորդային քանակների և այլ վնասակար նյութերի հայտնաբերման, հակամանրէային միջոցների նկատմամբ կայունության դեմ պայքարի խնդիրներին՝ հատուկ ընդգծելով դրանց կարևորությունն ու խստորեն վերահսկելու անհրաժեշտությունը:
Երկուստեք շեշտվել է սննդամթերքի անվտանգության ոլորտում հետագա համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը։