ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ Է ՍԿՍՎԵԼ ՊԱՂՊԱՂԱԿ ԱՐՏԱԴՐՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ - 2

ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ Է ՍԿՍՎԵԼ ՊԱՂՊԱՂԱԿ ԱՐՏԱԴՐՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ - 2

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2025-06-05 15:07:00 ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ Է ՍԿՍՎԵԼ ՊԱՂՊԱՂԱԿ ԱՐՏԱԴՐՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ - 2 790

An imageԻնչպես նախորդիվ տեղեկացրել ենք, նկատի ունենալով պաղպաղակի վաճառքի սեզոնային ակտիվացումը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է սկսել պաղպաղակի արտադրություններում:

Հիշեցնենք, որ լաբորատոր փորձաքննության են հանձնվել 12 արտադրամասերից վերցված պաղպաղակի նմուշներ («Թամարա», «Գրանդ Քենդի», «Թամարա և Անի», «Մարտին Սթար», «Արտսվիթ», «Նաիրի Լենդ», «Փինք Բերրի», «Մառնիկ», «Իգիթ», «Աշտարակ Միլկ» ՍՊԸ-ներ, անհատ ձեռնարկատերեր Ազատ Ղազանչյան, Էդուրադ Կարապետյան):

Այսօր հայտնի են դարձել ևս 2՝ «Մարտին Սթար» և «Գրանդ Քենդի», ՍՊԸ-ներին պատկանող արտադրամասերից վերցված նմուշների հետազոտության արդյունքները:

  • «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի արտադրության «Սենդվիչ» վանիլային պլոմբիր շոկոլադե՝ թխվածքաբլիթով, «Սենդվիչ» շոկոլադե պլոմբիր շոկոլադե՝ թխվածքաբլիթով, «Պլոմբիր վանիլային», «Սեր» պլոմբիր սերուցքով ջնարակապատ, «Պլոմբիր շոկոլադե» կաթնայուղով պաղպաղակների նմուշներն օրենսդրությամբ սահմանված նորմերին չեն համապատասխանել մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ վերջին նմուշը՝ նաև ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշներով:

Կաթնայուղի փոխարինիչով «Ընտանեկան շոկոլադե», «Ընտանեկան վանիլային», «Էսկիմո շոկոլադե ջնարակապատ», «Էսկիմո վանիլային ջնարակապատ» պաղպաղակները օրենսդրությամբ սահմանված նորմերին չեն համապատասխանել կաթնայուղի զանգվածային մաս և մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ առաջին 2 նմուշները՝ նաև ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշներով։

  • «Մարտին Սթար» ՍՊԸ-ի արտադրության «Վաֆլե կոն շոկոլադե», «Վանիլային», «Շոկոլադե», «Սենդվիչ ելակի համով», «Էսկիմո վանիլային շոկոլադապատ», «Բրիկետ շոկոլադային» կաթնային պաղպաղակների նմուշներում խախտումներ չեն արձանագրվել (ապրանքանիշը՝ «Օտ Մարտինա»)։

Եվս 3 ընկերությունների պաղպաղակների փորձաքննությունն ընթացքի մեջ է, դրանց արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես:

«Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։ Տվյալ արտադրատեսակների համար կտրվեն իրացումն արգելելու շուկայից հետ կանչելու ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագրեր։

Մաքսային Միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 033/2013) տեխնիկական կանոնակարգի «կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք»-ում կաթնային ճարպը բացառապես կաթնային ճարպի փոխարինիչով կարելի է փոխարինել միայն կաթնայուղի 50 տոկոսից ոչ ավելի քանակությամբ:

Տնտեսավարող սուբյեկտի կողմից արտադրված 4 պաղպաղակներում կաթնայուղի զանգվածային մասն արձանագրվել է 19-29 տոկոս, ուստի դրանք համարվում են վտանգավոր և կեղծված սննդամթերք:

Ի գիտություն. կեղծված է համարվում այն սննդամթերքը՝

  • որի բաղադրությունը փոփոխվել է առանց մակնշման համապատասխան փոփոխության,
  • որի մակնշումը փոփոխվել է առանց բաղադրության համապատասխան փոփոխության,
  • որին ավելացվել են այլ նյութեր կամ վերամշակվել է այլ նյութերի ներառմամբ` սննդամթերքի անհամապատասխանությունը սահմանված պահանջներին թաքցնելու նպատակով,
  • որի մակնշման մեջ առկա է ոչ ճիշտ նշում սննդամթերքի հատուկ նշանակության մասին:

Կաթնայուղի զանգվածային մասով անհամապատասխանություն գրանցած կազմակերպության մասին տեղեկատվությունը կտրամադրվի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին:

Հիշեցնենք որ, համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի, վտանգավոր է համարվում այն սննդամթերքը, որը պիտանի չէ մարդու կողմից սպառման համար և ըստ իր նշանակության պահվելու, պատրաստվելու, օգտագործվելու, մատուցվելու և սպառվելու դեպքում վնասակար է մարդու կյանքի և առողջության համար: Նույն օրենքը սահմանում է, որ արգելվում է ներմուծել, արտադրել, իրացնել կամ հանրային սննդի ծառայությունների ոլորտում օգտագործել վտանգավոր և կեղծված սննդամթերք, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող վտանգավոր և կեղծված նյութեր: