ՊԱՅՔԱՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲՐՈՒՑԵԼՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ
ՊԱՅՔԱՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲՐՈՒՑԵԼՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ
2025-06-16 15:48:17
48
Կենդանիների բրուցելոզ հիվանդությունը Հայաստանում առկա է դեռևս Խորհրդային Միության ժամանակներից: Դրա դեմ պայքարի միջոցառումներն անընդհատ են:
2013 թվականին ՍԱՊԾ պետի հրամանով հաստատված բրուցելոզ հիվանդության դեմ պայքարի և կանխարգելման հրահանգն այն հիմքն է, որով առաջնորդվում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը այդ հիվանդության նկատմամբ իրականացվող վերահսկողական միջոցառումների ընթացքում:
Բրուցելոզի դեմ պատվաստում Հայաստանի Հանրապետությունում չի իրականացվում:
Հրահանգով կիրառվող սկզբունքը ախտորոշիչ միջոցառումն է. արյունառություն, լաբորատոր հետազոտության դրական արդյունքի դեպքում՝ կենդանու մեկուսացում և հարկադիր սպանդ:
Խոշոր եղջերավոր կենդանիներից արյունառություն է կատարվում տարվա մեջ երկու, մանր եղջերավորներից՝ մեկ անգամ:
Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵՆ ՖԵՐՄԵՐՆԵՐՆ ՈՒ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
Կենդանիների բրուցելոզ հիվանդության ներթափանցումը կանխարգելելու, ինչպես նաև կենդանիների մոտ հիվանդության դեպքերի բացառման նպատակով՝ անասնատերերը, ֆերմերներն ու տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները (մարմինները) պարտավոր են ապահովել՝
► կենդանիների շարժը՝ համապատասխան անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի առկայությամբ,
► նոր ձեռք բերված, այդ թվում ներկրված բոլոր կենդանիների 21-օրյա կարանտինը՝ մյուս կենդանիներից մեկուսացված պայմաններում,
► լիազոր մարմնի և/կամ տնտեսությունը սպասարկող կամ համայնքային անասնաբույժի պահանջով՝ կենդանիների անասնաբուժական զննումը, արյան նմուշառումը:
Տնտեսությունում բրուցելոզ հիվանդության կասկածի դեպքում սպասարկող կամ համայնքային անասնաբույժը պարտավոր է այդ մասին իրազեկել լիազոր մարմնին (ՍԱՏՄ), ախտորոշման նպատակով ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ կասկածելի կենդանիներից վերցնել արյան նմուշներ և ուղարկել լաբորատոր հետազոտության:
Լաբորատոր հետազոտության բացասական արդյունքի դեպքում 15 օր հետո այն հոտում կամ նախիրում, որում հայտնաբերվել է հիվանդ կենդանի, կատարվում է ողջ գլխաքանակի արյան նմուշառում և ուղարկվում լաբորատոր շիճուկաբանական հետազոտության: Կրկնակի լաբորատոր հետազոտության վերջին երկու բացասական արդյունքի դեպքում հոտը կամ նախիրը համարվում է առողջ:
Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԻ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ
Կենդանիների գլխաքանակում բրուցելոզ հիվանդության հաստատման դեպքում, Տեսչական մարմնի տեսուչի վերահսկողությամբ, հիվանդ կենդանիները ենթարկվում են սանիտարական սպանդի, տարածքը՝ ախտահանության:
Սանիտարական սպանդի իրականացումը հավաստվում է լիազոր մարմնի տեսուչի, տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի, համայնքային անասնաբույժի և/կամ տնտեսությունը սպասարկող անասնաբույժի կամ ծառայության կողմից կազմված արձանագրությամբ:
Ի՞ՆՉ Է ԱՐՎՈՒՄ ԲՐՈՒՑԵԼՈԶՈՎ ՀԻՎԱՆԴ ԿԵՆԴԱՆՈՒ ՄԻՍԸ
Բրուցելոզով վարակված և սպանդի ենթարկված տավարի, ոչխարի, այծի և խոզի միսը թույլատրվում է օգտագործել միայն ջերմային մշակումից հետո (երշիկների և պահածոների արտադրության մեջ):
Բրուցելոզով վարակված կենդանու կաթն այն արտադրող գյուղացիական և ֆերմերային տնտեսություններում պետք է ենթարկվի առաջնային ջերմային վերամշակման:
ԱՐԳԵԼՎՈՒՄ Է բրուցելոզի նկատմամբ անապահով տնտեսություններից և տարածքներից ստացված ՉՎԱՐԱԿԱԶԵՐԾՎԱԾ կաթի դուրսբերումը, վաճառքը շուկաներում, օգտագործումը հանրային սննդում:
Ի՞ՆՉ Է ԲՐՈՒՑԵԼՈԶԸ
Բրուցելոզը զոոնոզ՝ կենդանուց մարդուն անցնող, հիվանդություն է, դրա հարուցիչները բրուցելլա խմբի մանրէներն են:
Խրոնիկ ընթացքի հետևանքով՝ հիվանդությանը բնորոշ կլինիկական նշաններ սովորաբար չեն արտահայտվում (ախտանիշ է էգ կենդանիների մոտ վիժումը):
Վարակի աղբյուր են հանդիսանում հիվանդ կենդանիները, վերջիններիս արտաթորանքը, կաթը, ներքին օրգանները, ջերմային մշակում չանցած միսը:
Բրուցելոզի մանրէները կայուն են ցածր ջերմաստիճանի ազդեցության նկատմամբ:
Հեղուկ միջավայրում նվազագույնը +60°C ջերմաստիճանի եռման պայմաններում դրանք ոչնչանում են 30 րոպեում, ավելի բարձր ջերմաստիճաններում՝ ավելի արագ:
Հողի մեջ մանրէները մնում են կենսունակ մինչև 100 օր, սառը ջրի մեջ՝ միչև 114 օր: