ԿԱՍԵՑՎԵԼ Է ՄՍԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՆԹԱՊՈՒՄ
ԿԱՍԵՑՎԵԼ Է ՄՍԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՆԹԱՊՈՒՄ
2025-06-27 14:25:03
32
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Երեմ Մովսիսյանին պատկանող մսամթերքի (մոժոժ) արտադրամասի (Արարատի մարզ, գ. Այնթապ) արտադրական գործունեությունը:
Արգելանքի համար հիմք են ծառայել Տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից այս արտադրամասում արձանագրված սանիտարահիգիենիկ կոպիտ խախտումները, այն է՝
►արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,
►արտադրամասը չի պաշտպանվել կեղտի կուտակումներից, արտադրվող սննդամթերքում մասնիկները թափվելու վտանգից, արտադրական շինությունների մակերևույթին կոնդենսատի, բորբոսի առաջացումից,
►չի իրականացվել սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկում և ընթացիկ վերանորոգում,
►չի ապահովվել կենդանիների, կրծողների և միջատների՝ արտադրական շինություններ ներթափանցումից պաշտպանությունը,
►արտադրական շինությունները սարքավորված չեն եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներով, սանհանգույցներով, ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով, չի եղել հանդերձարան անձնակազմի համար,
►արտադրական շինությունների հատակների, պատերի դռները մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող նյութերից,
►չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,
►արտադրական շինություններում կոյուղու համակարգը նախագծված և իրականացված չի եղել այնպես, որպեսզի բացառվի սննդամթերքի աղտոտման ռիսկը:
Խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:



