ԲԵԼԳՐԱԴՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
ԲԵԼԳՐԱԴՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
2025-10-07 16:32:10
72
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մասնակցել է Եվրոպայի տարածաշրջանում կենդանիների անդրսահմանային առաջնահերթ հիվանդությունների հարցերով փորձագիտական մշտական խմբերի (GF-TADs) տարածաշրջանային առաջին համաժողովին։
Մասնակիցները ներկայացրել են անասնահամաճարակային իրավիճակը իրենց երկրներում, ինչպես նաև դաբաղի, խոզերի աֆրիկյան ժանտախտի, մանր եղջերավոր կենդանիների ժանտախտի, կատաղության, հանգուցային մաշկաբորբի, թռչնագրիպի դեմ պայքարի մեխանիզմները։
Քննարկումների ընթացքում շեշտվել է կանխարգելիչ միջոցառումների՝ հիվանդությունների վաղ հայտնաբերման, վայրի կենդանիների դիակների հավաքման և ոչնչացման, պարբերական մոնիթորինգների, արագ արձագանքման խմբերի գործարկման, անասնահամաճարակային քարտեզագրման ու միջազգային կառույցների աջակցությամբ պարբերական վարժանքների անցկացման կարևորությունը։
Համաժողովի ընթացքում Տիգրան Պետրոսյանը հանդիպումներ է ունեցել ԿԱՀԿ-ի տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչ Դիմիտրի Մոռոզովի (քննարկել են անասնաբույժների մասնագիտական կարողությունների բարձրացմանն ուղղված ուսուցման կազմակերպումը Հայաստանում) և Սերբիայի անասնաբուժական լաբորատորիայի ղեկավար Միշո Կորոլևիչի հետ (քննարկվել է մանր եղջերավոր կենդանիների ժանտախտի հայտնաբերման համար լաբորատոր թեստերի տրամադրման հարցը, որը կարևոր քայլ է ԿԱՀԿ-ի կողմից Հայաստանը այդ հիվանդությունից ազատ երկիր ճանաչելու գործընթացում)։
ՍԱՏՄ ղեկավարը բարձր է գնահատել համաժողովի նշանակությունը և դրան Հայաստանի մասնակցությունը՝ շեշտելով, որ անդրսահմանային հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարը հնարավոր է միայն տեղեկատվության արագ փոխանակմամբ և համատեղ գործողություններով: