ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԴԱԲԱՂ ԵՎ ՄԱՆՐ ԵՂՋԵՐԱՎՈՐՆԵՐԻ ԺԱՆՏԱԽՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԴԱԲԱՂ ԵՎ ՄԱՆՐ ԵՂՋԵՐԱՎՈՐՆԵՐԻ ԺԱՆՏԱԽՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ
2025-11-17 11:47:37
47
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO/ՊԳԿ) և Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (WOAH/ԿԱՀԿ) համատեղ ջանքերով՝ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում անցկացվել է աշխատաժողով՝ Կովկասի և Միջին Ասիայի երկրներում կենդանիների դաբաղ և մանր եղջերավորների ժանտախտ հիվանդությունների դեմ պայքարի համատեղ միջոցառումների միասնական քարտեզ ստեղծելու վերաբերյալ:
Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ պատվիրակությունը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Հայկ Սարգսյանի գլխավորությամբ: Աշխատաժողովի ընթացքում պատվիրակները ներկայացրել են իրենց երկրներում տիրող անասնահամաճարակային իրավիճակը, իսկ ՊԳԿ փորձագետները՝ դաբաղի և մանր եղջերավոր կենդանիների ժանտախտի ցուցանիշները ողջ աշխարհում:
Տեղի են ունեցել քննարկումներ երկրների միջև փորձի փոխանակման, հիվանդությունների ներթափանցման ուղիների նկատմամբ իրականացվող վերահսկողության, էնդեմիկ և էպիդեմիկ երկրներից ժանտախտի և դաբաղի ներթափանցման կանխարգելման, հիվանդությունների դեմ պայքարի մեթոդների, հիվանդության դեպքեր հայտնաբերելիս իրականացվող հակահամաճարակային միջոցառումների, պատվաստումների իրականացման եղանակների վերաբերյալ։
Հայաստանի պատվիրակությունը Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության փորձագետների հետ քննարկել է մինչև 2030 թվականը մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ հիվանդության նկատմամբ ՀՀ-ի ազատ ճանաչում ստանալու համար անհրաժեշտ գործընթացների, շճահետազոտական աշխատանքների իրականացման, փաստաթղթերի նախապատրաստական աշխատանքների մանրամասները։