«ՄԵԿ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ» ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱԹԵՆՔՈՒՄ
«ՄԵԿ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ» ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱԹԵՆՔՈՒՄ
2025-12-25 09:15:57
46
Օրերս Հունաստանի մայրաքաղաք Աթենքում անցկացվել է աշխատաժողով «Անասնաբուժական ծառայություններում «Մեկ առողջություն» հայեցակարգի պահպանման համար համատեղ գործողությունների պլանի գործնական իրականացում» թեմայով՝ տարածաշրջանի երկրների պատվիրակների մասնակցությամբ։
Միջոցառման պատվիրակ էր նաև ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը:
Աշխատաժողովի ընթացքում անցկացվել են քննարկումներ «Մեկ առողջություն» հայեցակարգի ազգային ռազմավարության համակարգող մեխանիզմների, կենդանիների հիվանդությունների կանխարգելման, համաճարակային ռիսկերի նվազեցման համար կիրառվող մեթոդների և աշխարհում ծագած լուրջ մարտահրավերների վերաբերյալ։
Հայաստանի Հանրապետությունը, որպես ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO/ՊԳԿ) լիիրավ անդամ, պարտավորություն ունի պայքարելու հակամանրէային կայունության դեմ՝ անասնաբուծությամբ և անասնաբուժությամբ զբաղվող կազմակերպությունների և անհատների շրջանում պարբերաբար իրականացնելով իրազեկման արշավներ և խորհրդատվություն՝ կենդանիների առողջության պահմանման, ՀՀ-ում հաճախ գրանցվող հիվանդությունների դեմ պայքարի մեխանիզմների, հակաբիոտիկների պատշաճ օգտագործման վերաբերյալ։
Նմանատիպ աշխատաժողովները, ձևավորելով միջազգային համագործակցության և փորձի փոխանակման նոր հեռանկարներ, նպաստում են «Կենսանվտանգության և կենսապաշտպանության մասին» օրենքի նախագծում ներառված «Մեկ առողջություն» հայեցակարգի՝ Հայաստանում աստիճանաբար ներդրմանը։