ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՁԿԱՆ ԵՎ ՁԿՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ
ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՁԿԱՆ ԵՎ ՁԿՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ
2026-01-14 14:08:18
43
2025թ․ մարտից Հայաստանի Հանրապետության տնտեսավարողները Եվրամիության անդամ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման հնարավորություն ունեն։ Դա իրականացնելու համար ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ԵՄ Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) համատեղ ջանքերով մշակվել է «Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական Միություն ձկան և ձկնամթերքի արտահանման ուղեցույցը», որը ներառում է ԵՄ ձուկ և ձկնամթերք արտահանելու կարևոր առանձնահատկությունների վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն:
Երկօրյա աշխատաժողովում այս կողմնորոշող փաստաթուղթը ներկայացվել է ՍԱՏՄ-ի, Էկոնոմիկայի նախարարության, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի, ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներին, ինչպես նաև տնտեսավարողներին։ Ուղեցույցը, որը մշակելիս հաշվի է առնվել միջազգային լավագույն փորձը, պարզեցված ձեռնարկ է Տեսչական մարմնի աշխատակիցների համար (կարգավորում է դիմումների ներկայացման, գրանցման, անասնաբուժական սերտիֆիկատի ձևավորման, մշտադիտարկման գործընթացը) և գործնական քայլերի շրջանակ՝ Եվրոպական Միության երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանել ցանկացող տնտեսավարողների համար (ԵՄ Առևտրի վերահսկման և մասնագիտական համակարգում (TRACES) գրանցման, ԵՄ ձուկ և ձկնամթերք արտահանելու իրավունք ունեցող տնտեսավարողների ցանկում ներառման, անասնաբուժական սերտիֆիկատի ձևավորման և այլնի մասին)։
Ներկաները քննարկել են ուղեցույցի դրույթները ԵՄ շուկա ձկան և ձկնամթերքի արտահանման թույլտվության, անասնաբուժական սերտիֆիկատ տրամադրելու, ԵՄ կանոնակարգերի պահանջներին համապատասխան կազմված ստուգաթերթերի, դիմումի օրինակելի ձևի վերաբերյալ։