ԱՆՎՏԱՆԳ ԱՐՏԱԴՐԱՆՔ, ՎՍՏԱՀ ՍՊԱՌՈՂ
ԱՆՎՏԱՆԳ ԱՐՏԱԴՐԱՆՔ, ՎՍՏԱՀ ՍՊԱՌՈՂ
2026-03-15 10:06:15
26

ՀԱՐԳԵԼԻ ՍՊԱՌՈՂՆԵՐ
Շնորհավորում եմ բոլորիս սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային օրվա՝ մարտի 15-ի, առթիվ:
Այս օրը ևս մեկ առիթ է հիշելու, որ անվտանգ սնունդը ոչ թե արտոնություն է, այլ յուրաքանչյուր մարդու անխախտելի իրավունքը, ամենօրյա ընտրությունը և առողջության հիմքը։
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այս հարցում ունի հստակ դիրքորոշում․ մարդու առողջությունը բարձրագույն արժեք է։ Այդ պատճառով էլ կառույցը հետևողականորեն նպաստում է սննդամթերքի անվտանգության համակարգի ամրապնդմանը՝ «դաշտից-ֆերմայից պատառաքաղ» սկզբունքով վերահսկելով բույսերի և կենդանիների առողջությունը, սննդամթերքի արտադրությունը, ներմուծումը և վաճառքը, կատարելագործելով վերահսկողական գործիքակազմը և ներդնելով սննդի անվտանգությունն ապահովելու առավելագույն ջանքեր։
Մեր աշխատանքը հաճախ անտեսանելի է, բայց այն արվում է ամեն օր՝ արտադրություններում, հանրային սննդի կետերում, խանութներում, լաբորատորիաներում և սահմանային հսկողության կետերում:
Սակայն սպառողների իրավունքների պաշտպանությունը նաև վստահության մասին է։ Այն համագործակցություն է պետության, տնտեսավարողների և քաղաքացիների միջև։ Երբ սպառողը տեղեկացված է իր իրավունքների մասին, չի լռում խնդիրների դեպքում, ահազանգում է և մատնանշում խախտումը, տնտեսավարողն արագ արձագանքում է և շտկում անհամապատասխանությունները, սննդամթերքի անվտանգության վերահսկողության համակարգը սկսում է գործել ավելի արդյունավետ և թիրախային, դառնում է ավելի վստահելի:
Բոլորիս ընդհանուր նպատակն է, որ խանութի դարակաշարից վերցված սնունդը լինի անվտանգ, մաքուր, ստուգված ու պատասխանատվությամբ արտադրված:
ՍԱՏՄ-սպառող համագործակցությունը ահա այս նպատակի իրականացման երաշխիքն է: Եվ մենք շնորհակալ ենք սպառողին աջակցության, պատասխանատու գործելակերպի ու պահանջատիրության համար:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ու վստահեցնում. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իր գործառույթների շրջանակներում անելու է հնարավորը, որ յուրաքանչյուր ընտանիքի սեղանին լինի առողջ և անվտանգ սնունդ։
Սննդամթերքի անվտանգության
տեսչական մարմնի ղեկավար
Տիգրան Պետրոսյան