ՀԱՅ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ԳՁՕ-ՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՄ ԻՐԱՎԱԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ
ՀԱՅ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ԳՁՕ-ՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՄ ԻՐԱՎԱԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ
2026-03-18 10:11:11
30
Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալությունը, «ԵՄ-ն հանուն արևելքում կանաչ վերականգնման» (EU4Green Recovery East) ծրագրի շրջանակում, օրերս Վիեննայում կազմակերպել էր կենսանվտանգության և տեղեկատվության հասանելիության հարցերով ուսումնական դասընթաց, որին, Շրջակա միջավայրի նախարարության և Երևանի պետական համալսարանի Կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնի ներկայացուցիչների հետ համատեղ, մասնակցել է նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ Լալա Մելիքյանը:
Դասընթացի մասնակիցները ծանոթացել են գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳՁՕ) ոլորտում Եվրոպական միության իրավակարգավորումներին, ազգային մակարդակում Ավստրիայի ոլորտային քաղաքականությանը, ԳՁՕ հայտնաբերման, որակի վերահսկման և մոնիթորինգի ոլորտներում լաբորատորիաների կարողություններին և ռիսկերի գնահատման պահանջներին:
Հայաստանի պատվիրակության անդամները ներկայացրել են ազգային օրենսդրական պահանջները, լաբորատոր հագեցվածությունն ու ԳՁՕ-ների հայտնաբերման ու վերահսկման հնարավորությունները, համատեղ քննարկվել են այս ոլորտում եղած կարիքներն ու անելիքները: