ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-06-09 11:05:12 ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ 109

An image

Պեստիցիդներն ու ագրոքիմիկատները վնասատուների, մոլախոտերի, հիվանդությունների դեմ պայքարելու արդյունավետ միջոցներ են, որոնք նվազագույնի են հասցնում վնասատուներից և հիվանդություններից առաջացած վնասները՝ պահպանելով բերքի որակը։

Սակայն դրանց ոչ ճիշտ կիրառումը կարող է հանգեցնել այնպիսի հետևանքների, ինչպիսիք են սննդամթերքի, հողի և ջրի աղտոտումը, մարդու առողջության վնասումը։

Թունաքիմիկատների (պեստիցիդների) կիրառման ժամանակ կարևոր է պահպանել անվտանգության հիմնական կանոնները՝

1․ Անձնական պաշտպանություն՝

  • կրել պաշտպանիչ հագուստ՝ ձեռնոցներ, դիմակ կամ ռեսպիրատոր, պաշտպանիչ ակնոց, երկարաթև հագուստ, փակ կոշիկներ,
  • աշխատանքի ընթացքում չսնվել, չխմել, չծխել,
  • աշխատանքից հետո պարտադիր լվանալ ձեռքերը, դեմքը, ցանկալի է՝ լոգանք ընդունել։


2․ Պատրաստման և կիրառման կանոններ՝

  • պարտադիր կարդալ պատրաստուկի պիտակը և հետևել հրահանգներին,
  • չգերազանցել նշված չափաբաժինները,
  • լուծույթը պատրաստել բացօթյա կամ լավ օդափոխվող տարածքում,
  • օգտագործել միայն դրա համար նախատեսված տարաներ և սարքավորումներ,
  • պեստիցիդները չխառնել՝ առանց մասնագիտական ցուցումների։


3․ Կիրառման ընթացքում՝

  • պահպանել անվտանգ հեռավորություն մարդկանցից, երեխաներից և կենդանիներից,
  • պեստիցիդները հեռու պահել ջրային աղբյուրներից, ջրհորներից, սննդամթերքից,
  • մեղուների ակտիվ ժամերին չկիրառել, որպեսզի չվնասվեն փոշոտող միջատները,
  • չկիրառել ուժեղ քամու, անձրևի կամ բարձր ջերմաստիճանի պայմաններում։


4․ Պահեստավորում՝

  • պեստիցիդները պահել բնօրինակ փաթեթավորմամբ՝ երեխաների և կենդանիների համար անհասանելի վայրում,
  • չպահել սննդամթերքի կամ կենդանիների կերի կողքին,
  • պահել չոր, զով, փակվող պահեստում,
  • դատարկ տարաները չօգտագործել կենցաղային նպատակներով,
  • պեստիցիդների մնացորդները չի կարելի թափել գետերի, հողի կամ կոյուղու մեջ։


5․ Թունավորման նշաններ՝

  • գլխապտույտ,
  • սրտխառնոց,
  • շնչառության դժվարացում,
  • աչքերի կամ մաշկի գրգռում:

Եթե նկատելի են նշված ախտանշանները, հարկավոր է անմիջապես դադարեցնել աշխատանքը, դուրս գալ բացօթյա տարածք և դիմել բժշկի։ Ցանկալի է բժշկին ցույց տալ նյութի պիտակը կամ ասել անվանումը։
Պեստիցիդների շրջանառության նկատմամբ հսկողությունը ոչ միայն իրավական պահանջ է, այլ նաև կենսական անհրաժեշտություն։ Պեստիցիդների ճշգրիտ կիրառումը նպաստում է անվտանգ գյուղատնտեսության զարգացմանը, հանրային առողջության պահպանմանը և շրջակա միջավայրի պաշտպանությանը։

ՏԵՂԵԿԱՆՔ - 2025 թվականին հանրապետությունում արձանագրվել է թունաքիմիկատներով թունավորման 75 դեպք, որից 8 դեպքը՝ Երևան քաղաքում, 67 դեպքը՝ մարզերում: Արձանագրված դեպքերից 1-ը՝ մահվան ելքով:
Թունաքիմիկատներով թունավորումների գերակշիռ մասը՝ 27%-ը, արձանագրվել է բնակչի անփութության, 22%-ը՝ ծնողի անուշադրության, 17%-ը՝ ինքնասպանության փորձ կատարելու, 16%-ը՝ անհատական պաշտպանության միջոցների բացակայության, 14.8%-ը՝ ոչ ճիշտ մակնշման և պահպանման հետևանքով: