ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2026-11-10 10:02:21
100
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության գյուղատնտեսական հարցերով խորհրդական Ռաֆայել Ժոզանին և տնտեսական ու տեխնիկական համագործակցության հարցերով կցորդ Էվան Դա Կոստա Մարկեսին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև գյուղատնտեսության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Մասնավորապես, անդրադարձ է եղել Հայաստան կենդանիների ներմուծման սանիտարական պայմաններին, Հայաստանից Եվրամիության երկրներ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության ենթակա բեռների արտահանման խթանմանը, ինչպես նաև Հայաստանի կենդանիների առողջության պահպանման և անասնաբուժական վերահսկողության համակարգին։ Քննարկվել են նաև գյուղատնտեսության և պարենային անվտանգության ոլորտներին առնչվող հարցեր։
Ֆրանսիացի գործընկերները պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտության դեպքում հայ մասնագետներին տրամադրել տեղեկատվություն Ֆրանսիայում անասնահամաճարակային իրավիճակի, կենդանիների վերահսկողության, նույնականացման և հավաստագրման համակարգերի վերաբերյալ։ Երկուստեք ընդգծվել է կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելման և անասնահամաճարակային կայուն իրավիճակի պահպանման կարևորությունը։