ՍԱՏՄ կարողությունների զարգացումը շարունակական է
ՍԱՏՄ կարողությունների զարգացումը շարունակական է
2022-04-26 15:43:49 867
«Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA) ծրագրի շրջանակներում՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Ավստրիական զարգացման գործակալության միջև այս տարվա փետրվարի 9-ին ստորագրվել էր Տեսչական մարմնի կարողությունների զարգացմանն ուղղված փոխըմբռնման հուշագիր: Այսօր արդեն մեկնարկել է հուշագրում ամրագրված դրույթների իրականացման գործընթացը. սկսվել են ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող մասնագետ տեսուչների վերապատրաստման դասընթացները։
Դասընթացների մեկնարկը ողջունել են ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Պասկալ Բոկկերսը:
«Սննդամթերքի անվտանգության ոլորտի միջազգային փորձի ուսումնասիրությունը, մասնագետների և որոշում կայացնող կառավարիչների շարունակական կրթությունը Տեսչական մարմնի առաջնահերթություններից է։ Եվ, իհարկե, միջազգային փորձի ուսումնասիրությունը հնարավորություն կտա ներդնել առավել արդյունավետ վերահսկողական համակարգեր և իրականացնել սննդամթերքի անվտանգության ոլորտի արդիական, միջազգային նորմերին համահունչ վերահսկողություն»-, նշել է ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը:
ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Պասկալ Բոկկերսը հույս է հայտնել, որ դասընթացները կնպաստեն Հայաստանում ինչպես օրգանական, այնպես էլ կանաչ գյուղատնտեսություն վարող ֆերմերային տնտեսությունների նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու գործընթացին:
Վերապատրաստման այս դասընթացների շնորհիվ ստացված գիտելիքները կխթանեն սննդամթերքի անվտանգության ոլորտի զարգացումը, իսկ վերապատրաստված մասնագետներն այդ գիտելիքները կփոխանցեն իրենց գործընկերներին։