ՀԱԱՀ-ի ուսանողների ջանքերը սննդամթերքի որակի բարելավման ուղղությամբ. անվտանգությունը գնահատում է ՍԱՏՄ-ն
ՀԱԱՀ-ի ուսանողների ջանքերը սննդամթերքի որակի բարելավման ուղղությամբ. անվտանգությունը գնահատում է ՍԱՏՄ-ն
2022-06-07 08:45:59 759
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մշտական կապ է պահպանում ոլորտի կրթական ու գիտական հաստատությունների հետ՝ կրթական բարեփոխումներին աջակցելու, ինչպես նաև վերահսկողության մեթոդաբանությունն ու գործընթացներն ավելի արդիական դարձնելու նպատակով:
Այսօր, Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրվան ընդառաջ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի ուսանողները Տեսչական մարմնի ղեկավարությանն են ներկայացրել իրենց կատարած հետազոտական աշխատանքները:
Ուսանողները խոսել են մեղրի գինու արտադրության նրբությունների մասին՝ նոր չոր ակտիվ խմորասնկերի և բարելավիչների օգտագործմամբ (հետազոտությունը ավարտելուց հետո նախատեսվում է կատարել գինիների համտես՝ օրգանոլեպտիկ հատկությունները ուսումնասիրելու նպատակով, որից հետո կկազմվի համերի անիվ. Շահանե Բախշեցյան, 4-րդ կուրս), համարձակ հետազոտություն արել, թե ինչ արդյունք կստացվի աղադրված ծիածանափայլ իշխանի փափակամսի տեխնոլոգիայի մշակումից, եթե դրանում ծիտրոն օգտագործվի (ծիտրոնն ունի մանրէասպան հատկություն և, օգտագործելով այն բարձր սննդային արժեք ունեցող ձկան հետ, կստանանք ավելի բարձրարժեք մթերք, արտահայտված լավ համահոտային հատկություններով. Վալյա Մուրադյան, 3-րդ կուրս), ինչպես նաև փորձարկել սննդային թելքերի կիրառությունը թխվածքաբլիթների արտադրությունում (սննդային թելքերը սննդային նյութեր են, որոնք չեն յուրացվում մարդու օրգանիզմի ֆերմենտների կողմից, սակայն անհրաժեշտ են աղիքային միկրոֆլորայի համար, և որպես սննդային թելքերի աղբյուր ընտրվել են ցորենի ամբողջահատիկ ալյուրը և կտավատի ալյուրը. Մարիա Մանուկյան, մագիստրատուրա, 1-ին կուրս):
ՀՀ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ողջունելով երիտասարդների նախաձեռնողականությունը, այնուամենայնիվ նշել է որոշակի խնդիրներ, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել հետազոտություներ և ուսումնասիրություներ իրականացնելիս: Շատ կարևոր է ծանոթանալ սննդամթերքի անվտանգության ոլորտի օրենսդրությանը, իրավական ակտերին ու տեխնիկական կանոնակարգերին՝ հետագա բարդություններից խուսափելու համար:
Սննդամթերքի անվտանգության տեսչկան մարմնի կողմից ուսանողներին տրամադրվել են Վտանգի վերլուծության ու հսկման կրիտիկական կետերի համակարգի (HACCP) ուղեցույցեր և սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանն ուղղված այլ նյութեր: