ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Տնտեսվարողներ կան, որոնք դեռ ուզում են մարդկանց խաբել. ՍԱՏՄ ղեկավար

Տնտեսվարողներ կան, որոնք դեռ ուզում են մարդկանց խաբել. ՍԱՏՄ ղեկավար

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2022-06-07 17:30:45 Տնտեսվարողներ կան, որոնք դեռ ուզում են մարդկանց խաբել. ՍԱՏՄ ղեկավար 120

An imageՍննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է սննդի անվտանգության հետ կապված խնդիրներին և իր ղեկավարած տեսչության աշխատանքներին։

Սննդի անվտանգության ոլորտի իրավական դաշտը չի հասցնում զարգանալ այն արագությամբ, ինչ արագությամբ ի հայտ են գալիս զեղծարարությունները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։

Նրա հավաստմամբ` կենդանական ծագման մթերքները (հատկապես փողոցում վաճառվող) անվտանգության տեսանկյունից միշտ խնդրահարույց են։

Եղանակի տաքացմանը զուգընթաց, պետք է ուշադրություն դարձնել նաև ջերմային միջավայրերին, մթերքների տեղափոխությանը։ Մսամթերքի շուկայում վիճակը բացարձակ չի գոհացնում, բայց տեսչական մարմինը շարունակաբար իրականացնում է իր վերահսկողական գործառույթները` հայտնաբերելով տնտեսվարողների, որոնք դեռ ուզում են մարդկանց խաբել։

«Ես երբեք խորհուրդ չեմ տալիս շոգ եղանակին ուտել կրեմով արտադրատեսակներ, որովհետև դրանք խանութից տուն տեղափոխելիս կարող են դառնալ ոչ պիտանի, թունավոր մթերքներ։ Նույնը վերաբերում է նաև քաղցր ըմպելիքներին, քանի որ դրանց մեծ մասը պարունակում է ասպարտամ, որը 30-ից բարձր ջերմաստիճանի դեպքում օրգանիզմի համար պարզապես դառնում է թույն, հետևաբար, ամառվա սեզոնային ջերմաստիճանի պայմաններում պետք է առավել զգույշ լինել»,- ասաց Ավետիսյանը։

Սննդի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնական կայքում նշվում են այն կազմակերպությունների անունները, որոնց գործունեությունը կասեցվում է սանիտարահիգիենիկ պայմանների հետ կապված խախտումների դեպքում։

Բոլորին հատկացվում է մեկամսյա ժամկետ, որպեսզի բոլոր թերություններն ու խախտումները վերացնեն, տուգանքների չափը կազմում է 100 հազարից մինչև 300 հազար դրամ։

«Ժամանակ առ ժամանակ ոստիկանության հետ իրականացնում ենք խստացված ստուգումներ, քանի որ ունենք համատեղ գործառույթներ իրականացնելու պայմանավորվածություն, և այդ առումով իրավիճակը գնալով դառնում է ավելի դրական։ Քանի որ զեղծարարությունների տեսակներից է նաև մթերքների իրացման փաստաթղթերի կեղծումը, դրանց առթիվ նույնպես դիմում ենք իրավապահ մարմիններին»,- ասաց Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը։

Ավետիսյանը զրույցի ընթացքում կարևորեց նաև սննդամթերքի անվտանգության հարցում հանրության տեղակացվածության խնդիրը, թեև շեշտեց, որ սննդամթերքից առաջացող հիվանդությունների մասին մարդկանց իրազեկվածության աստիճանը դեռ ցածր մակարդակի վրա է։

Նրա հավաստմամբ` տեսչական մարմինն ամեն ինչ անում է իրավիճակը շտկելու համար. տպագրում է բուկլետներ, կայքով իրականացնում ակտիվ քարոզչություն և տրամադրում անհրաժեշտ տեղեկատվություն։

Նշենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2018 թ. բանաձևի (A/RES/73/250) համաձայն` հունիսի 7-ը հռչակվել է Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օր, որի նպատակն է սննդամթերքի անվտանգության երաշխավորման գործընթացում ուժեղացնել բոլոր ջանքերը։

Առողջապահության միջազգային կազմակերպության վիճակագրական տվյալների համաձայն` յուրաքանչյուր տարի աշխարհում ամեն 10 մարդուց մեկը (600 մլն բնակչի հաշվով) հիվանդանում է, իսկ 420,000 մարդ մահանում է միկրոբներով, վիրուսներով, մակաբույծներով և քիմիական նյութերով աղտոտված սննդամթերք օգտագործելու արդյունքում։

Աղբյուրը՝ sputnik.am: