Արցախի և Հայաստանի հանրապետությունների համագործակցությունը սննդամթերքի անվտանգության ոլորտում էլ ավելի կամրապնդվի
Արցախի և Հայաստանի հանրապետությունների համագործակցությունը սննդամթերքի անվտանգության ոլորտում էլ ավելի կամրապնդվի
2021-05-03 10:42:38 794
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանին և Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արթուր Ներսիսյանին:
Մինչ քննարկումներին անցնելը՝ Արմեն Թովմասյանը Գեորգի Ավետիսյանին է փոխանցել «Երախտագիտության» մեդալ, որով ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը պարգևատրել է ՀՀ ՍԱՏՄ ղեկավարին՝ Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար: Շնորհակալություն հայտնելով բարձր գնահատականի համար, Գեորգի Ավետիսյանը վստահեցրել է, որ ինքը և իր ղեկավարած կառույցը շարունակելու են նպաստել Արցախում սննդամթերքի անվտանգության ոլորտի զարգացման համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում այսօր տիրող անասնահամաճարակային իրավիճակը, վերահսկողության ժամանակ առաջացող խնդիրները, լաբորատոր հնարավորությունները, դրանց ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև սննդամթերքի անվտանգության բնագավառում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարը ներկայացրել է առկա իրավիճակով պայմանավորված նոր, մասնավորապես՝ գյուղատնտեսական կենդանիների փակ պահվածքի անցնելու, ջերմոցային տնտեսությունները զարգացնելու ծրագրերը, իսկ և ՍԱՊԾ պետը կարևորել է հայկական երկու հանրապետություններում սննդամթերքի անվտանգության ոլորտում հիմա արդեն առավել սերտորեն համագործակցելու անհրաժեշտությունը:
ՀՀ ՍԱՏՄ ղեկավարը պատրաստակամություն է հայտնել շարունակել և էլ ավելի ամրապնդել Արցախի գործընկերների հետ մինչ այսօր ձևավորված փոխօգնության ու աջակցության գործելաոճը, փոխանցել Հայաստանում ներդրված համակարգերի վերաբերյալ ողջ տեղեկատվությունն ու փորձը: «Այդ աջակցությունը շատ արագ ու առարկայորեն կդրսևորվի լաբորատոր փորձաքննությունների ոլորտում. մեր կողմից կարվի հնարավորը Արցախում սննդամթերքի փորձաքննության լաբորատոր սարքավորումների համալրման համար»,- ասել է Գեորգի Ավետիսյանը: