ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Հայաստանում անասնաբույժի մասնագիտությունը դառնալու՛ է գրավիչ

Հայաստանում անասնաբույժի մասնագիտությունը դառնալու՛ է գրավիչ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2021-04-23 11:40:17 Հայաստանում անասնաբույժի մասնագիտությունը դառնալու՛ է գրավիչ 1196

Անասնաբույժի միջազգային օրն ընդունվել է Համաշխարհային անասնաբուժական ասոցիացիայի կողմից 2000 թվականին: Տոնը նշվում է ամեն տարի՝ ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը:
Հայաստանում առաջին անգամ այս տոնը պետական նախաձեռնությամբ ու աջակցությամբ նշվել է 2019 թվականին և միտում ունի դառանլու պարբերական:
Այս տարի Անասնաբույժի միջազգային օրը Հայաստանում նշվում է ապրիլի 23-ին: Նախաձեռնությունը, ինչպես և նախորդիվ, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնինն է՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնակցությամբ և «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության ֆինանսական աջակցությամբ: ՌԶԳ ՀԿ-ի հետ համագործակցությունն իրականացվում է այդ կազմակերպության կողմից Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի շրջանակներում։
Տոնին ընդառաջ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ու Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպումներ են անցկացրել մարզային անասնաբույժների հետ, լսել նրանց մտահոգությունները, ներկայացրել ոլորտում տեղի ունեցած և սպասվող փոփոխությունները, պատասխանել մտահոգող հարցերին:
Անցնող երեք տարիների ընթացքում աստիճանաբար բարձրացվել է պետական միջոցառումներ շրջանակներում անասնաբույժներին տրվող վարձավճարի չափը՝ մեկ կենդանու պատվաստման համար 100 դրամից հասցվելով 170-ի:
Մասնավոր անասնաբուժությունն առաջիկայում կլիցենզավորվի. պետության հետ կնքած պայմանագրի շրջանակից դուրս ծառայություններ մատուցելու իրավունք կստանան միայն այն անասնաբույժները, որոնք կունենան համապատասխան լիցենզիա:
Երկրում անասնաբուծության զարգացմանը զուգահեռ աճել է մասնագիտական բարձր կարողություններ ունեցող անասնաբույժների պահանջարկը, որը լրացնելու առումով լուրջ ձեռքբերում ունի Հայաստանի ազգային ագրարային համալսարանը: Այստեղ բացվել է գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման մուլյաժներով կահավորված լսարան` ծննդագիտության դասընթացները բարձր մակարդակով անցկացնելու համար։ Մուլյաժները պատրաստված են հաշվի առնելով կենդանիների անատոմիական առանձնահատկությունները:
Վերապատրաստումներ են անցել սպանդանոցները սպասարկող գրեթե բոլոր անասնաբույժները:
Այսօր՝ ապրիլի 23-ին, «Բնության պետական թանգարանում» անցկացվել է միջոցառում՝ նվիրված Անասնաբույժի միջազգային օրվան: Ոլորտի պետական և հասարակական սեկտորի երախտավորներին՝ անասնաբուժության զարգացման ու արդիականացման գործում նշանակալի ներդրման, կրթական համակարգի զարգացման, ոլորտում երկարամյա գործունեության և նվիրված աշխատանքի համար, շնորհակալագրեր է հանձնել ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը: Նա շնորհակալագիր է հանձնել նաև «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» հասարակական կազմակերպությանը՝ Հայաստանի անասնաբուժության ու անասնաբուծության ոլորտին նշանակալի աջակցության համար:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանին՝ Անասնաբուժության քաղաքականության մշակման գործընթացում ունեցած ավանդի, և Գեորգի Ավետիսյանին՝ Անասնաբուժություն մասնագիտության հանրայնացման ու արժևորման գործում նշանակալի ներդրման համար, շնորհակալագրեր է հանձնել «Անասնաբույժների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը:

Հայաստանում անասնաբույժի մասնագիտությունը դառնալու՛ է գրավիչ:

Պատմական ակնարկ
Անասնաբուժության պատմական հայրենիքը համարվում է Ֆրանսիան, քանի որ հենց այս երկրի Լիոն քաղաքում է 18-րդ դարում Լյուդովիկոս XV-ի կողմից հիմնադրվել կենդանիների բժիշկների առաջին դպրոցը: Դպրոցի նպատակն էր կանխարգելել այն համաճարակները, որոնք դառնում էին ոչ միայն մեծ քանակությամբ ընտանի կենդանիների ոչնչացման պատճառ, այլև փոխանցվում էին մարդուն:
Սակայն մարդու անասնաբուժական հմտությունները ձևավորվել են դեռևս հնագույն ժամանակներից, երբ մարդիկ սկսել են ընտելացնել կենդանիներին: Կենդանիների բուժման մասին հնագույն տեղեկությունները մեզ հասել են դեռևս մ.թ.ա. 4-րդ հազարամյակում Եգիպտոսում հայտնաբերված «Անասնաբուժական պապիրուս»-ից, որտեղ նկարագրված են կենդանիների և թռչունների մի քանի հիվանդություններ: Անասնաբուժությունը հիշատակվում է նաև հին հնդկական, պարսկական, հունական աղբյուրներում:
Ռուսաստանում առաջին անասնաբուժական դպրոցը կազմակերպվել է 1733 թվականին, Մոսկվայի մոտ գտնվող Իտրոշյովո գյուղի ձիաբուծարանում։
Հայալեզու աղբյուրներում կենդանիների զանազան հիվանդությունները և դրանց կանխման ու բուժման ձևերն առաջին անգամ հիշատակվում են 13-րդ դարի սկզբներին Կիլիկիայի հայկական թագավորությունում արաբերենից թարգմանված «Գիրք վաստակոց»-ում: Ռուսական կայսրությունում Երևանի նահանգի կազմավորումից հետո, ռուս անասնաբույժների օժանդակությամբ, ստեղծվել են անասնաբուժարաններ և անասնաբուժական սահմանային կետեր։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո արդեն հիմնվել է անասնաբուժական սպասարկման լայն ցանց։ 1928 թվականին հիմնադրվել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը: