ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Առանց կայացած անասնաբուժության երկրի տնտեսությունը զարգանալ չի կարող. Գեորգի Ավետիսյան

Առանց կայացած անասնաբուժության երկրի տնտեսությունը զարգանալ չի կարող. Գեորգի Ավետիսյան

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2021-04-07 10:42:38 Առանց կայացած անասնաբուժության երկրի տնտեսությունը զարգանալ չի կարող. Գեորգի Ավետիսյան 1081

Անասնաբուժության միջազգային օրվան ընդառաջ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ու Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը նախաձեռնել են մարզային այցելություններ՝ մարզային անասնաբույժների հետ հանդիպումներ, նպատակ ունենալով քննարկելու ոլորտում այս պահին առկա և վերահսկողական գործառույթների ժամանակ ծագող խնդիրները:

Նախաձեռնությանը պատրաստակամությամբ են արձագանքել տեղական ինքնակառավարման մարզային կառույցները:

Երեկ Գեղարքունիքի մարզում հրավիրված խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ՍԱՏՄ մարզային կենտրոնի աշխատակիցներն ու մարզի անասնաբույժները:

Տիգրան Գաբրիելյանը ներկայացրել է ոլորտում արված փոփոխությունները, հորդորել ամենայն պատասխանատվությամբ ու հետևողականությամբ մոտենալ կենդանիների պատվաստումների և արյունառման գործընթացին, զգուշացրել է այն տնտեսական վնասների մասին, որոնք կարող են կրել ոչ միայն ֆերմերները, այլև պետությունը, եթե հիվանդությունների կանխարգելման միջոցառումները ժամանակին ու պատշաճ չիրականացվեն:

Տեսչական մարմնի ղեկավարը խոսել է անասնաբույժի դերի բարձրացման, ինչպես նաև ոլորտում առկա խնդիրներն ու առաջնահերթությունները հստակ տարանջատելու մասին: Նա անասնաբույժներին հորդորել է ավելի ուշադիր լինել գյուղատնտեսական կենդանիների միջհամայնքային շարժին, համագործակցել ՍԱՏՄ տեղական կառույցի հետ, ու միշտ հիշել, որ իրենց պարտաճանաչությունը, հետևողականությունն ու մանրակրկիտ աշխատանքը երկրի բնակչության առողջության գրավականն է: Առանց կայացած անասնաբուժության երկրի տնտեսությունը զարգանալ չի կարող,- ասել է Գեորգի Ավետիսյանը:

Մարզպետ Գնել Սանոսյանը հավաստիացրել է, որ անասնապահական մարզ համարվող Գեղաքունիքում տեղական ինքնակառավարման մարմիններն անելու են հնարավորը ոլորտի զարգացման համար, իսկ պատկան կառույցների հետ համագործակցությունը կլինի շարունակական՝ ի նպաստ երկրի տնտեսական աճի:

Անասնաբույժները ներկայացրել են որոշակի խնդիրներ՝ կապված կենդանիների պատվաստման կլիմայական ու տեղանքային առանձնահատկությունների, կենդանիների գերեզմանների համար նախատեսվող տեղանքների ֆիքսման հետ և այլն: Նրանք նաև շեշտել են, որ իրենց աշխատավարձերի երկար սպասված բարձրացումը դրական ազդակ է ու ոլորտի կարևորման կարևոր քայլ: