Շիրակի մարզում բացվել է ևս մեկ սպանդանոց
Շիրակի մարզում բացվել է ևս մեկ սպանդանոց
2022-07-20 15:30:21 869
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի և Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի մասնակցությամբ` այսօր Անի համայնքի Հայկաձոր բնակավայրում բացվել է նոր սպանդանոց։ «Բոմ» ՍՊԸ-ին պատկանող նորակառույց սպանդանոցի տեխնիկական զինվածությունը, աշխատանքային պայմաններն ու հզորությունները թույլ կտան օրական 12 խոշոր և 30 մանր եղջերավոր կենդանու մորթ կատարել։
Տեսչական մարմնի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ հատկապես այս տարածաշրջանում նոր սպանդանոցի առկայությունը կնպաստի ՍԱՏՄ վերահսկողության առավել թիրախային դարձնելուն, կապահովի հետագծելիությունը, տարածաշրջանի կենդանատերերը կունենան իրենց սպասարկող սպանդանոց, իսկ բնակչությունը կօգտվի անվտանգ միս-մսեղիքից։
Խոսելով մարզում սպանդանոցների կարևորության մասին՝ Շիրակի մարզպետը նշել է, որ սա Անիի տարածաշրջանում երկրորդ նորակառույց սպանդանոցն է՝ Ձորակապից հետո, որի շահագործումով տարածաշրջանի կարիքները կարելի է համարել փակված։ Երկրում այս պահին գործում է 92 սպանդանոց, որոնց հզորությունը բավարար է հանրապետությունում մորթի ենթակա կենդանիների սպանդը սանիտարահիգիենիկ անվտանգ պայմաններում իրականացնելու համար։