Կասեցվել է փքաբլիթի և կարկանդակի արտադրամասի գործունեությունը Երևանում
Կասեցվել է փքաբլիթի և կարկանդակի արտադրամասի գործունեությունը Երևանում
2023-06-02 15:53:09 678
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Գեղանուշ Գալստյանին պատկանող փքաբլիթի և կարկանդակի արտադրամասում (ք․ Երևան) և պարզել, որ առկա են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ:
Մասնավորապես՝
- հատակի և պատերի անջրանցիկ մակերևույթը եղել է վնասված, արդյունքում՝ պատշաճ լվացում և ախտահանում չի իրականացվել,
- արտադրական շինությունում պահվել են սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող նյութեր և պարագաներ,
- սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը պատրաստված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից,
- չի իրականացվել և սահմանված չի եղել մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականություն,
- աշխատակիցները չեն ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության և չեն ունեցել սանիտարական գրքույկներ:
Արտադրամասի գործունեությունը կասեցվել է, խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: