Սննդամթերքի անվտանգությունը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է․ հունիսի 7-ը Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրն է
Սննդամթերքի անվտանգությունը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է․ հունիսի 7-ը Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրն է
2023-06-07 17:01:32 1261
Հունիսի 7-ին Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրվա շրջանակներում տեղի է ունեցել համաժողով՝ «Սննդամթերքի ստանդարտները կյանքեր են փրկում» կարգախոսի ներքո։
Ֆորումը կազմակերպել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, որին մասնակցել են նաև ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի ներկայացուցիչները։
Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սոնա Ծառուկյանը շնորհավորել է ներկաներին տոնի կապակցությամբ և ընդգծել, որ օրը կոչված է հիշեցնելու բոլորիս սննդամթերքի անվտանգության կարևորության մասին և ուշադրություն հրավիրելու դրա հետ կապված խնդիրների վրա։ «Սննդամթերքի անվտանգությունը համընդհանուր գործ է թե՛ հասարակական առողջության, թե՛ սննդամթերքի պատշաճ մատակարարման և թե՛ դրա նկատմամբ վերահսկողության տեսանկյունից: Կարևոր է, որ սննդի շղթայի յուրաքանչյուր մասնակից իրեն պատասխանատու համարի սննդամթերքի անվտանգության համար, իսկ տեսչական-վերահսկողական մեր գործառույթների նպատակը բնակչության՝ անվտանգ սննդից օգտվելու իրավունքի պաշտպանությունն է»,- շեշտել է տիկին Ծառուկյանը:
Խորհրդաժողովին զեկույցներ են ներկայացվել սննդամթերքի անվտանգության համակարգի բարեփոխումների ծրագրի իրականացման հիմնական քայլերի, կրթական ծրագրերի ու ենթակառուցվածքների, նոր առաջացող ռիսկերի և դրանց դեմ պայքարելու հնարավոր ուղղությունների ու աշխատանքների, սննդամթերքի անվտանգության ստանդարտների, դրանց ներդրման նկատմամբ վերահսկողության և այլնի մասին։
Կազմակերպված պանելային քննարկումների ընթացքում Տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության պետ Գոհար Վարդանյանը ներկայացրել է Տեսչական մարմնի գործառույթներն ու պետական վերահսկողության առանձնահատկությունները։
Կարևորվել է սննդամթերքի անվտանգությունն ապահովելու և հնարավոր ռիսկերը կանխելու հարցում բոլոր շահագրգիռ կողմերի՝ պետության, տնտեսավարողի, գիտական և հետազոտական հաստատությունների ու սպառողի, համատեղ գործելու անհրաժեշտությունը:
Միջոցառման ավարտին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը շնորհակալագրեր է հանձնել ոլորտի մի շարք երախտավորների՝ սննդամթերքի անվտանգության ոլորտի զարգացման գործում ներդրած ավանդի համար: