ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բուսայուղի մասին սոցիալական հարթակներում տարածվող տեսանյութի պնդումներն անհիմն են

Բուսայուղի մասին սոցիալական հարթակներում տարածվող տեսանյութի պնդումներն անհիմն են

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2023-06-22 17:07:10 Բուսայուղի մասին սոցիալական հարթակներում տարածվող տեսանյութի պնդումներն անհիմն են 577

An imageՎերջերս սոցիալական հարթակներում տարածվել է Ռուսաստանի Դաշնությունում արված մի տեսանյութ այն մասին, թե իբրև ձեթի վրա առկա «рафинированное, дезодорированное» բառը վկայում է դրա անորակ, վտանգավոր լինելու մասին: Ավելին, եթե շշի վրա գրված է «дезодорированное», ապա այն մշակված է նավթամթերքով՝ հեքսանով։
Տեսչական մարմնի թեժ գծին ահազանգած քաղաքացիների և հասարակության անհանգստությունները փարատելու համար տեղեկացնենք, որ բուսայուղը ստացվում է երկու եղանակով՝ մեխանիկական մզվածքի և լուծահանման:
Առավել մեծ արդյունաբերական քանակների համար կիրառվող լուծահանման մեթոդն իրականցվում է վակուումի պայմաններում՝ հատուկ լուծահանման աշտարակներում: Այնուհետև լուծահանված բուսական յուղը մաքրվում է ռաֆինացման միջոցով: Ռաֆինացման երեք փուլից մեկը՝ դեզոդորացիան է, որով արտադրողներն ազատվում են տհաճ համ և հոտ հաղորդող նյութերից:
Լուծահանումը հնարավոր է կատարել նավթամթերք հանդիսացող «հեքսանի» միջոցով, սակայն, եթե նույնիսկ այն օգտագործվում է, ապա այնքան չնչին քանակություններով և այնքան հազվադեպ, որ նույնիսկ Մաքսային Միության ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգով այդ նյութի նորմավորում չի նախատեսվել:
Այսպիսով, բազմափուլ մաքրման պրոցեսներ անցած բուսական յուղերի պիտակների վրա նշվող ռաֆինացված կամ դեզոդորացված մակնշումը փաստում է միայն տվյալ բուսական յուղի մաքրման աստիճանի մասին և մարդու առողջության համար վտանգավոր չէ:
Այսպիսի դեպքերում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողության գործիքներն են սննդամթերքի անվտանգությունը հավաստող փաստաթղթերը և լաբորատոր ուսումնասիրությունների արդյունքները: Այդ արդյունքները համեմատվում են իրավական փաստաթղթով (տվյալ դեպքում՝ Մաքսային Միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 883 որոշմամբ հաստատված «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ»-ով (ՄՄ ՏԿ 024/2011)) սահմանված վնասակար նյութերի նորմերի հետ (սահմանված չլինելը ենթադրում է լաբորատոր փորձի անհրաժեշտության բացակայություն): Հետևաբար մենք պատրաստ ենք բոլոր դեպքերում ոչ միայն փաստաթղթային, այլև լաբորատոր փորձաքննություններով հավաստիանալ, որ սննդամթերքն անվտանգ է, եթե դրա նորմավորումը կանոնակարգված է։
Իսկ ինչ վերաբերում է փաստաթղթային ստուգումներին, ապա եթե բուսայուղը բերվում է ԵԱՏՄ անդամ որևէ երկրից և ունի անվտանգությունը հավաստող ուղեկցող փաստաթղթեր, այն ներմուծվում է երկիր: Իսկ եթե բերվում է երրորդ երկրից, ապա Հայաստանում պետք է դիմել հայտարարագրման մարմիններին և ստանալ համապատասխանության վկայական (ստուգվում է մակնշումը, ենթարկվում է լաբորատոր փորձաքննության, տրվում է համապատասխանության հավաստագիր, EAC պիտակը), ինչն էլ ստուգում է Տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումների ժամանակ:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ուսումնասիրում է ստացված ԲՈԼՈՐ ահազանգերը, և, ինչպես այս դեպքում, վերցնում նախնական վերահսկողության: ԻՐԱԿԱՆ վտանգի կասկածի դեպքում՝ իրականացվում են օրենսդրությամբ վերապահված համապատասխան գործողություններ։ Տվյալ դեպքում տեսանյութի պնդումը հիմնավորված չէ:
Տեսչական մարմինը հորդորում է սպառողներին լինել առավելագույնս պահանջատեր և դիմել մեզ ցանկացած խախտում, անհամապատասխանություն նկատելու դեպքում, քանի որ բոլոր ահազանգերը օգնում են վերահսկողական միջոցառումներն իրականացնել ավելի թիրախային ու արդյունավետ՝ նպաստելով մեր հասարակության համար որակյալ և անվտանգ սննդամթերքի մատակարարմանը:
ՍԱՏՄ թեժ գիծը՝ 118, ԱՆՎՃԱՐ Է: