Ամփոփվել են Հայաստանի ամառային ճամբարներում իրականացված վերահսկողության արդյունքները. 12-ից 7-ում խախտումներ են հայտնաբերվել
Ամփոփվել են Հայաստանի ամառային ճամբարներում իրականացված վերահսկողության արդյունքները. 12-ից 7-ում խախտումներ են հայտնաբերվել
2023-08-24 17:13:44 638
Ինչպես նախորդիվ ծանուցել էինք, հաշվի առնելով սեզոնային բնույթը և հանրային սննդի ոլորտային ռիսկերը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ էր սկսել Կոտայքի, Տավուշի, Լոռու մարզերում գործող ամառային ճամբարներում:
Ստուգվել են ճամբարների խոհանոցների ու ճաշարանների սանիտարահիգիենիկ պայմանների, սննդամթերքի մակնշումների համապատասխանությունը գործող հայրենական և ԵԱՏՄ իրավական ակտերով սահմանված նորմերին:
Վերահսկողություն է իրականացվել 12 ճամբարում, որոնցից 8-ը՝ Արագած ճամբար, Լավա-Աղբյուր, Լուսաբաց ճամբար առողջարարական, Հանքավանի խոտորջուր առողջարան, Հասմիկ ճամբար, Հեքիաթային կիրճ մանկական տուրիստական հանգստի կենտրոն ՍՊԸ-ները, «Ամերիկայի հայ-ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղ» առանձնացված ստորաբաժանումը և «Քրոսրոադս» միջազգային բարեգործական հիմնադրամը, Կոտայքի, 2-ը՝ «Գուգարք ճամբար» ՍՊԸ-ն և «Հայ առաքելական եկեղեցի» կրոնական կազմակերպություն-ը, Լոռու, 2-ը՝ անհատ ձեռնարկատեր Գոռ Ենգիբարյանը և «Ռ․ և Գ․» ՍՊԸ-ն, Տավուշի մարզերում:
Պետական վերահսկողության ամփոփ արդյունքները հետևյալն են.
խախտումներ չեն հայտնաբերվել 5 տնտեսավարողի մոտ՝ Արագած ճամբար, Լուսաբաց ճամբար առողջարարական, Հեքիաթային կիրճ մանկական տուրիստական հանգստի կենտրոն, «Գուգարք ճամբար» ՍՊԸ-ներում և «Հայ առաքելական եկեղեցի» կրոնական կազմակերպությունում:
Սահմանված իրավական նորմերի անհամապատասխանություններ են արձանագրվել 7 ճամբարում՝
Լավա-Աղբյուր ՍՊԸ-ում (սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների հիման վրա ճամբարի խոհանոցի գործունեությունը կասեցվել է, ապա, դրանց արագ վերացման հիմքով՝ վերաբացվել),
Հանքավանի խոտորջուր առողջարան ՍՊԸ-ում (hայտնաբերվել է թերի մակնշմամբ սննդամթերք, որի իրացումը կասեցվել է),
Հասմիկ ճամբար ՍՊԸ-ում (hայտնաբերվել է թերի մակնշմամբ սննդամթերք, որի իրացումը կասեցվել է),
«Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղ» առանձնացված ստորաբաժանում ճամբարում (մատակարարվող կենդանական միսը չի ուղեկցվել անասնաբուժական վկայայական ձև N 5-ով, որի իրացումն արգելվել և վտանգավոր համարվող արտադրանքը ոչնչացվել է, ինչպես նաև hայտնաբերվել է թերի մակնշմամբ սննդամթերք, որի իրացումը կասեցվել է),
«Քրոսրոադս» միջազգային բարեգործական հիմնադրամում (մատակարարվող կենդանական միսը չի ուղեկցվել անասնաբուժական վկայայական ձև N 5-ով, ինչպես նաև հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք: Վտանգավոր համարվող արտադրանքի իրացումն արգելվել է և ոչնչացվել),
անհատ ձեռնարկատեր Գոռ Ենգիբարյանին պատկանող ճամբարում (հայտնաբերվել է առանց ուղեկցող փաստաթղթի սննդամթերք, վտանգավոր համարվող արտադրանքի իրացումն արգելվել է և ոչնչացվել),
«Ռ․ և Գ․» ՍՊԸ-ում (խոհանոցի երկու աշխատակից չեն ունեցել սանիտարական գրքույկներ):
Խախտումներ թույլ տված տնտեսավարողները ենթարկել են վարչական պատասխանատվության: