Գորիսում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
Գորիսում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ
2023-11-03 15:39:31 629
Անհատ ձեռնարկատեր Հակոբ Ստեփանյանին պատկանող հացի (մատնաքաշի) արտադրամասը (Սյունիքի մարզ, ք. Գորիս) գործել է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով: Այդ հանգամանքը պարզել են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները նշված կազմակերպությունում իրականացրած վերահսկողության ընթացքում:
Մասնավորապես՝
- արտադրական շինության կառուցվածքը չի ապահովել հոսքայնությունը՝ չբացառելով պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց խաչաձև աղտոտումը,
- արտադրամասի սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն, բացակայել են ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարանը և չորացնող սարքը, բացակայել են նախամուտքում համազգեստի կախիչները,
- հատակը և պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից,
- խոհանոցի առաստաղն ունեցել է կեղտի կուտակման, գոլորշու խտացման, անցանկալի բորբոսների աճի և մասնիկների թափվելու հնարավորություն,
- պատուհանները չեն ունեցել հեշտությամբ բացվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր,
- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը, աշխատանքային մակերևույթները կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման,
- սննդամթերքի հետ շփվող աշխատակիցները չեն ենթարկվել պարտադիր պարբերական բժշկական զննության,
- սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցը չի ունեցել սանիտարական անձնագիր:
Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: