Հակամանրէային միջոցների նկատմամբ կայունության դեմ պայքարում լաբորատոր կարողությունների դերն առաջնային է
Հակամանրէային միջոցների նկատմամբ կայունության դեմ պայքարում լաբորատոր կարողությունների դերն առաջնային է
2023-11-20 16:13:21 565
Հակամանրէային միջոցների նկատմամբ կայունության դեմ պայքարի համաշխարհային շաբաթվա շրջանակներում՝ տարբեր երկրներում անցկացվում են խորհրդաժողովներ ու միջոցառումներ՝ ընդգծելու համար խնդրի լրջությունն ու դրա դեմ պայքարելու անհրաժեշտությունը, ինչպես նաև պայքարի մեթոդների ու քայլերի մասին հանրությանն իրազեկելու կարևորությունը։
Մոսկվայում՝ ՄԱԿ-ի տեղեկատվական կենտրոնում, անցկացվել է Արևելյան Եվրոպայում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում սննդամթերքի և գյուղատնտեսության ոլորտում հակամանրէային ռեզիստենտականության դեմ պայքարի տարածաշրջանային լաբորատոր ցանցի 2-րդ խորհրդաժողովը, որին մասնակցել է նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Գևորգյանը: Խորհրդաժողովի ընթացքում ամփոփվել են լաբորատոր ցանցի անդամ երկրների կողմից 2023 թվականին կատարված աշխատանքները։
Արման Գևորգյանը ներկայացրել է սննդամթերքի և գյուղատնտեսության ոլորտներում հակամանրէային միջոցների նկատմամբ կայունության հայտնաբերման լաբորատոր կարողությունները և իրականացված միջոցառումները Հայաստանում:
Հակամանրէային միջոցների նկատմամբ կայունության դեմ պայքարն այսօր մարդկանց և կենդանիների առողջությանը սպառնացող հիմնական գլոբալ սպառնալիքներից է, և լաբորատորիաները կարևոր դեր են խաղում հիմնական խնդիրների բացահայտման գործում: Լաբորատոր գործունեության շնորհիվ վերահսկիչ գործառույթներ են իրականացնում առողջապահության, անասնաբուժության և գյուղատնտեսության ոլորտների պատասխանատուները՝ հստակ կողմնորոշվելով հակաբակտերիալ դեղամիջոցների ընտրության և դրանց չափաբաժինների որոշման մեջ՝ մարդկանց և կենդանիների արդյունավետ բուժման համար: