Կասեցվել է ոչ ալկոհոլային խմիչքների արտադրամասի արտադրական գործունեությունը
Կասեցվել է ոչ ալկոհոլային խմիչքների արտադրամասի արտադրական գործունեությունը
2023-12-12 17:11:03 504
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները «Ամէլիտ» ՍՊԸ-ին պատկանող ոչ ալկոհոլային խմիչքների արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Արարատի մարզ, գ․ Գեղանիստ)։
Մասնավորապես՝
- արտադրական շինության նախագծումը, կառուցվածքը չի չբացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակած խաչաձև աղտոտումը,
- չի իրականացվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականություն,
- արտադրամասը կառուցված չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, օտար մասնիկների թափանցումը, անցանկալի բորբոսի առաջացումը, բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր,
- կառույցն ապահովված չի եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով՝ տաք և սառը ջրով, ձեռքերը չորացնելու համար նախատեսված սարքով, անձնակազմի համար՝ հանդերձարանով:
Ոչ ալկոհոլային խմիչքների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։