ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Մսի ընտրության հիմնական չափանիշները

Մսի ընտրության հիմնական չափանիշները

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2022-08-15 17:09:36 Մսի ընտրության հիմնական չափանիշները 748

Միսը հանդիսանում է մեր կողմից օգտագործվող հնագույն մթերքներից մեկը: Եվ չնայած դրան, մեզանից շատերը մինչ օրս չգիտեն, թե ինչպես ճիշտ ընտրեն այն:

Խուսափելու համար առողջության հետ կապված անախորժություններից, հետևեք մի քանի պարզ կանոնների:

Առաջին` միս գնելու դեպքում ստուգեք վաճառողի մոտ անասնաբուժասանիտարական փորձաքննությունը (ԱԲՍՓ) հավաստող փաստաթղթի առկայությունը: ԱԲՍՓ փաստաթղթում պետք է լինեն հետևյալ տվյալները՝

  • Միսը վաճառողի անունը, ազգանունը
  • Կենդանու տեսակը
  • Հատ/կշիռ
  • ԱԲՍՓ համարը
  • ԱԲՍՓ տրման ամսաթիվ
  • Ուղեկցող անասնաբուժական վկայականի համարը
  • Թարմ մսի կշիռը
  • Մնացորդի կշիռը

Երկրորդ՝ միսը, որն անցել է անասնաբուժասանիտարական փորձաքննություն, պետք է պարտադիր ունենա դրոշմակնիք: Ստուգեք մսի վրա դրոշմակնիքի առկայությունը:

Մսի դրոշմակնքման համար օգտագործվում են անասնաբուժական դրոշմակնիքներ՝ օրենսդությամբ նախատեսված ձևերով և չափսերով, ակոսված շրջանակով, թվերով և տառերով: Կենդանու վրա դրոշմված 40 x 60 մմ չափսերի ձվաձև դրոշմակնիքները հաստատում են, որ անասնաբուժասանիտարական փորձաքննությունը լիարժեք է, և միսը ենթակա է իրացման` առանց սահմանափակման:

Միսը դրոշմակնքվում է հետևյալ կերպ`

ա) կենդանու ամբողջական մսեղիքի կամ դրա կեսերի վրա դրվում է մեկական դրոշմակնիք` յուրաքանչյուր թիակի և ազդրի հատվածում.

բ) կենդանու մսեղիքի քառորդների վրա դրվում է մեկական դրոշմակնիք` յուրաքանչյուր քառորդի թիակի կամ ազդրի հատվածում.

գ) գլխի, լեզվի, ճարպի կամ նրա կտորների, ներքին պարենքիմատոզ օրգանների վրա դրվում է մեկական դրոշմակնիք.

դ) ճագարի, նապաստակի, կուղբի, ճահճակուղբի մսեղիքի վրա դրվում է մեկական դրոշմակնիք` թիակի հատվածում և ազդրի արտաքին մակերեսին:

Եթե ընտրում եք սառեցված միս, ապա գնելու դեպքում հիմնական չափանիշը դրա թարմության աստիճանն է:

Երրորդ՝ եթե գնում եք նախորդ օրվա միս, պահանջեք կրկնակի փորձաքննությունը հաստատող թերթիկը:

Բացի այս ամենից, արժե հիշել մսի որակի մասին նախնական տեղեկատվություն տվող մի քանի ազդակների մասին:

Որակյալ սառեցված միսը պետք է ունենա՝

1.Իրեն հատուկ գույն։ Եթե միսը երկար է մնում տաղավարին, այն դառնում է ավելի մուգ և չոր: Համարվում է, որ որքան թարմ է կտորը (վարդագույն կամ բաց կարմիր), այնքան ավելի լավ, քանի որ մուգ կարմրաշագանակագույն երանգները խոսում են այն մասին, որ Ձեր առջև ծեր կենդանի է:

2. Դուրեկան հոտ:

3. Սպիտակ կամ կաթնագույն ճարպ (տավարինը կոշտ է, չի քսվում, այլ փշրվում է, խոզինը փափուկ է, վարդագույն երանգով, ոչխարինը խիտ է և դեղնավուն չէ): Տավարի մսի ճարպային շերտերը դեղին են, հորթի մսինը՝ սպիտակ. եթե ճարպի արտաքին շերտը մսից բաժանված է բաժանարար թաղանթով, ապա դա նշանակում է որ կենդանին ծեր է եղել:

4.Վերին բարակ կեղևը խամրած է, վարդագույն կամ կարմիր: Կարմիր մսի կտրվածքի մակերեսին առկա է մոխրագույն փառ, որը նրան տալիս են սառույցի բյուրեղները: Եթե մատը դնեք մակերեսին, պետք է գոյանա վառ կարմիր բիծ:

Երկրորդային սառեցումից հետո մսի որակը դառնում է ավելի վատը․ գունավորումը դառնում է բալագույն, իսկ մատով հպվելուց հետո գույնը չի փոխվում:

Եթե ընտրում եք սառեցված մթերք, ուշադրություն դարձրեք, որպեսզի դրա վրա չլինեն ձյուն կամ արյունոտ սառցե ներհոսքեր. դրանք խոսում են այն մասին, որ կտորը մի քանի անգամ է ենթարկվել սառեցման:

Խոզի մսի ընտրության հիմնական չափանիշները

Խոզի մսի ընտրության ժամանակ ուշադրություն դարձրեք դրա կաշվին. այն պետք է լինի սպիտակ, առանց ավելորդ բծերի: Դա նշանակում է որ կենդանին առողջ է եղել:

Որակյալ թարմ խոզի միսը պինդ է, առաձգական, անհոտ և գործնականում առանց թաղանթի:

Միսը պետք է լինի բարակ, մարմարի նման ճարպային շերտերով: Երիտասարդ կենդանիների մոտ միսը բաց վարդագույն է, ծեր կենդանիների մոտ` ավելի մուգ: Եթե խոզի միսը ավելի քան մուգ է և պատված է թաղանթով, ապա միսը կլինի չոր և կոպիտ:

Որակյալ ճարպը խիտ է, սպիտակ կամ կաթնագույն, այլ ոչ թե վարդագույն կամ դեղնավուն:

Ոչխարի կամ գառան մսի ընտրության հիմնական չափանիշները

Առավել թանկ է գնահատվում երիտասարդ ոչխարի կամ գառան միսը, որի տարիքը չի գերազանցում 18 ամիսը, և որը պիտանի չի բազմացման համար: Գնահատվում է նաև բտած ոչխարների միսը, որոնց տարիքը չի գերազանցում 3 տարին: Իմանալ՝ երիտասարդ է արդյոք եղել կենդանին, կարելի գույնի միջոցով: Որքան բաց երանգ ունի միսը, այնքան կենդանին երիտասարդ է եղել: Գառան միսն ունի խամրած վարդագույն երանգ, ավելի հասուն կենդանու միսն ունի խամրած կարմիր կամ կարմրաշագանակագույն երանգ: Ճարպը սպիտակ է և հեշտ առանձնանում է: Վատ կերակրված և ծեր ոչխարների միսը մուգ կարմիր է, իսկ ճարպը` դեղնավուն:

Եթե ճարպը փխրուն է, նշանակում է միսը պահել են սառեցման խցիկում:

Ինչպե՞ս խուսափել փչացած, նեխած, առողջության համար վնասակար մսի ձեռքբերումից, ինչպիսի՞ նշաններով այն ճանաչել

Որոշ նշաններով կարելի է որոշել, թե արդյոք փչացած է միսը, օրինակ` մսի մոխրագույն երանգավորումով: Կտորի մակերեսին կպչուն լորձի առկայությունը խոսում է մանրէների առկայության մասին: Ալ կարմիր և մոխրագույն բծերը և արյան կուտակումները բացահայտ վկայում են սխալ սառեցման և պահպանման մասին:

Ուշադիր զննեք կենդանու ճարպը. եթե միսը թրջել են կալիումի պերմանգանատի (марганцовка) լուծույթում՝ մսին թարմ տեսք տալու համար, ապա ճարպը ստանում է վարդագույն երանգ: Ցանկացած մսի շաղված եզրերը վկայում են այն մասին, որ այն թաթախվել է քացախաթթվի լուծույթում:

Մսի հիմնական խաբեությունները կապված են ներկման հետ՝ ածխաթթու գազում պահելով, կամ ներկանյութերի օգտագործմամբ: Եթե ի հայտ են եկել կասկածներ՝ կապված գունանյութերի օգտագործման հետ, ապա կատարեք կտրվածք մսի կտորի վրա, և զննեք գունանյութերի ներթափանցման աստիճանը:

Վերցրեք Ձեզ հետ թղթե անձեռոցիկ: Անձեռոցիկը դրեք մսի վրա և պահեք այն մի քանի վայրկյան: Եթե միսը ֆիկսինով մշակում է անցել, ապա Դուք անձեռոցիկի վրա կտեսնեք վառ վարդագույն հետք: Միսը նաև պետք է լինի լավ արնազրկված, անձեռոցիկի վրա չպետք է լինեն արյան ակնհայտ հետքեր:

Կա թարմ միսը փչացածից տարբերելու մեկ այլ տարբերակ ևս, եթե միսը ոսկորով է: Միսը չպետք է առանձնանա ոսկորից. փորձեք թեթևակի քաշել այն մասում, որտեղ միսը ամրացած է ոսկորին: Եթե միսը հեշտությամբ առանձնանում է, ապա դա հստակ նշան է այն բանի, որ Ձեր առջև նեխած միս է:

Եղե՛ք իրազեկված և ուշադիր։