ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանի հարցազրույցը «Սպուտնիկ Արմենիա» լրատվական գործակալությանը

ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանի հարցազրույցը «Սպուտնիկ Արմենիա» լրատվական գործակալությանը

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2022-08-23 17:27:59 ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանի հարցազրույցը «Սպուտնիկ Արմենիա» լրատվական գործակալությանը 635

ՍԱՏՄ-ին չի գոհացնում այն շարժը, որը գրանցվում է էլեկտրոնային եղանակով։

Գրեթե բոլոր սպանդանոցների սեփականատերերը խոսում են այն մասին, որ այլ սպանդանոցներ վաճառում են 5-րդ ձևի անասնաբուժական վկայականը, ու թեև իրականում այդքան էլ հեշտ չէ գտնել զեղծարարներին, բայց տեսչական մարմինը մտածում է մեխանիզմներ` փոխելով նաև սպանդանոցային 5-րդ ձև հատկացնող էլեկտրոնային տարբերակը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։

Ըստ նրա` պետք է իսպառ բացառել բակային մորթը, որը շատ է հարվածում սպանդանոցների աշխատանքին։ Ճիշտ է, սեփական կարիքների կամ ծիսակատարությունների համար թույլատրվում է իրականացնել ոչ սպանդանոցային մորթ, բայց միևնույն է, այդ միսը շուկայում վաճառելն անթույլատրելի է։

Սեպտեմբերի 1-ից ակտիվ ստուգումներ են անցկացվելու մսի վաճառքի 5-րդ ձևի՝ սպանդանոցային մորթը հավաստող փաստաթղթի առկայությունը ստուգելու նպատակով:

Նրա խոսքով` այն շարժը, որ տեսչական մարմինը գրանցում է էլեկտրոնային ծրագրով, չի գոհացնում։ Ավետիսյանի կարծիքով` ավելի շատ միս է սպառվում, քան կոնկրետ սպանդանոցային մորթ է իրականացվում, ընդ որում` անասունների գլխաքանակի անկումը, ըստ նրա, սպանդանոցների աշխատանքի վրա էապես չի ազդել, որովհետև շուկայում չկա մսի դեֆիցիտ, սպառումն էլ չի ընդհատվում, իսկ գլխաքանակի նվազումը տեղի է ունեցել հիմնականում անորակ կենդանիների հաշվին, որոնց միսը սովորաբար շուկայում չեն վաճառում։

«Առաջին շաբաթվա ընթացքում ճանապարհներին ստուգումներն իրականացնում էինք 04։00-ից մինչև 09.00-ն, հաջորդ շաբաթ փոխեցինք 12։00-ից 16։00-ն, հիմա ոստիկանության հետ պայմանավորվել ենք, որ արդեն աշխատանքային կարգով տարբեր օրերին ստուգումներ իրականացնենք տարբեր ժամերին, տարբեր վայրերում։ Ցավոք, մեր ռեսուրսները բավարար չեն ավելի շատ ստուգայցեր կատարելու համար, իսկ այս պահին էլ շատ աշխատակիցներ գտնվում են արձակուրդում, բայցևայնպես փորձում ենք եղած ռեսուրսներն օգտագործել առավելագույն արդյունավետությամբ»,- ասաց ՍԱՏՄ ղեկավարը։

Ավետիսյանի խոսքով` եղել է դեպք, երբ տուգանել են ապօրինի վաճառքով զբաղվող անձին և առգրավել մսեղիքը, սակայն այլ տեսուչներ նույն մարդուն ևս մեկ անգամ տուգանել են, որովհետև նա զարտուղի ճանապարհներով կրկին հայտնվել է շուկայի մերձակայքում։ Ավետիսյանի համոզմամբ` ոստիկանության հետ համատեղ վերահսկողական աշխատանքը կտա ցանկալի արդյունք, ինչի ցայտուն օրինակներից մեկը Գյումրիում փողոցային առևտրի դեմ պայքարն է։

Նշենք, որ Հայաստանում հաշվառված է գործունեություն ծավալելու իրավունք ունեցող 92 սպանդանոց, որոնցից ոչ բոլորն են աշխատում, ամենաքիչ թվով սպանդանոց կա Վայոց Ձորի մարզում` ընդամենը մեկը, որը չի աշխատում։ Մյուս բոլոր մարզերում կան գործող սպանդանոցներ։