ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Անասնաբույժ լինելը կոչում է

Անասնաբույժ լինելը կոչում է

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2023-04-28 18:47:54 Անասնաբույժ լինելը կոչում է 702

An imageԱնասնաբույժի օրը Հայաստանում պաշտոնապես ամրագրվել է նախորդ տարի՝ 2022 թվականին, և նշվում է ապրիլի վերջին ուրբաթ օրը:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի ֆինանսական աջակցությամբ՝ ապրիլի 28-ին տեղի է ունեցել Անասնաբույժի օրվան նվիրված տոնական համաժողով՝ «Կենդանիների առողջությունը մեր առողջությունն է» կարգախոսի ներքո։
Երկրում այսօր մեծ պահանջարկ ունեն մասնագիտական բարձր կարողություններ ու գիտելիքներ ունեցող անասնաբույժները: Եվ համաժողովի նպատակն էր կարևորել անասնաբուժության ոլորտի և անասնաբույժի մասնագիտության դերը, քննարկել ինչպես ոլորտում, այնպես էլ դրա վերահսկողության հարցում առկա խնդիրները, իրազեկել հասարակությանը:
Շնորհավորելով անասնաբույժներին՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը նշել է,- «Կենդանիների և իրենց տերերի համար ձերAn image մասնագիտությունը կոչում է, առաքելություն, որին պետք է վերաբերել սիրով և նվիրումով։ Հատկապես կարևոր է ձեր ներդրումը սննդամթերքի անվտանգության ոլորտում, քանի որ, եթե ձեր լուռ աշխատանքը լավ է ստացվում՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի անելիքները հեշտանում են»: Նա մաղթել է, որ յուրաքանչյուր օրը օրվա հերոսներին բերի նոր գիտելիքներ և կենդանատերերի գնահատանքն ու երախտիքի խոսքերը:
Համաժողովի ընթացքում ներկայացվել են կենդանիներին վերաբերող տարբեր հիվանդությունների տարածմանը, կանխարգելմանն ու բուժմանը, ինչպես նաև ոլորտում արդիական մեթոդների ներդրման անհրաժեշտությանը վերաբերող հարցեր։ Միջոցառման ընթացքում ցուցադրվել է ֆիլմ՝ անասնաբույժ մասնագիտության կարևորության և ոլորտում առկա մարտահրավերների վերաբերյալ։
Տոնը նշանավորվել է ոլորտում նշանակալի ներդրում ունեցած մասնագետների պարգևատրմամբ․ շնորհակալագրեր են հանձնվել ոլորտում բարեխիղճ աշխատանքի, մասնագիտությանը նվիրվածության և անասնաբուժության բնագավառում ունեցած բազմամյա ավանդի համար:
Պատմական ակնարկ
Անասնաբուժության միջազգային տոնը աշխարհի շատ երկրներում նշվում է ամեն տարի ապրիլի վերջին շաբաթ օրը (World Veterinary Day), որը սահմանվել է Անասնաբուժության համաշխարհային ասոցիացիայի (WVA) կողմից 2000 թվականին։ Տոնն ունի բարի ավանդույթ, ըստ որի, կենդանիների տերերն այս օրը շնորհակալություն են հայտնում անասնաբույժներին։
Անասնաբուժության պատմական հայրենիքը համարվում է Ֆրանսիան, քանի որ հենց այս երկրի Լիոն քաղաքում է 18-րդ դարում Լյուդովիկոս XV-ի կողմից հիմնադրվել կենդանիների բժիշկների առաջին դպրոցը: Դպրոցի նպատակն էր կանխարգելել այն համաճարակները, որոնք դառնում էին ոչ միայն մեծ քանակությամբ ընտանի կենդանիների ոչնչացման պատճառ, այլև փոխանցվում էին մարդուն:
Սակայն մարդու անասնաբուժական հմտությունները ձևավորվել են դեռևս հնագույն ժամանակներից, երբ մարդիկ սկսել են ընտելացնել կենդանիներին: Կենդանիների բուժման մասին հնագույն տեղեկությունները մեզ հասել են դեռևս մ.թ.ա. 4-րդ հազարամյակում Եգիպտոսում հայտնաբերված «Անասնաբուժական պապիրուս»-ից, որտեղ նկարագրված են կենդանիների և թռչունների մի քանի հիվանդություններ: Անասնաբուժությունը հիշատակվում է նաև հին հնդկական, պարսկական, հունական աղբյուրներում:
Ռուսաստանում առաջին անասնաբուժական դպրոցը կազմակերպվել է 1733 թվականին, Մոսկվայի մոտ գտնվող Իտրոշյովո գյուղի ձիաբուծարանում։
Հայալեզու աղբյուրներում կենդանիների զանազան հիվանդությունները և դրանց կանխման ու բուժման ձևերն առաջին անգամ հիշատակվում են 13-րդ դարի սկզբներին Կիլիկիայի հայկական թագավորությունում արաբերենից թարգմանված «Գիրք վաստակոց»-ում: Ռուսական կայսրությունում Երևանի նահանգի կազմավորումից հետո, ռուս անասնաբույժների օժանդակությամբ, ստեղծվել են անասնաբուժարաններ և անասնաբուժական սահմանային կետեր։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո արդեն հիմնվել է անասնաբուժական սպասարկման լայն ցանց։ 1928 թվականին հիմնադրվել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը: