ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

10 փաստ սննդամթերքի անվտանգության վերաբերյալ

10 փաստ սննդամթերքի անվտանգության վերաբերյալ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2022-08-15 12:10:52 10 փաստ սննդամթերքի անվտանգության վերաբերյալ 503

1.Ավելի քան 200 հիվանդություններ տարածվում են սննդի միջոցով
Ամեն տարի միլիոնավոր մարդիկ հիվանդանում և շատերն էլ մահանում են ոչ անվտանգ սնունդ ուտելու հետևանքով: Ամեն տարի աղիքային խանգարումներից մահանում է մոտ 1.5 միլիոն երեխա, և այդ հիվանդությունների մեծ մասը հետևանք է վարակված սննդամթերքի կամ ջրի:
Սննդի ճիշտ պատրաստումը կարող է կանխել սննդային ծագման շատ հիվանդություններ:

2.Ամեն տարի սննդային ծագման հիվանդությունների քանակն ու տարածումը մեծանում է
Սննդի մեջ պարունակվող ախտածին օրգանիզմներն այսօր լայնորեն տարածվում են սննդամթերքի միջկապակցված գլոբալ շղթայի շնորհիվ, որը պայմանավորում է սննդային ծագման հիվանդությունների տեղը և տարածվածության աստիճանը: Ուրբանիզացման բարձր մակարդակն ավելացնում է նմանատիպ հիվանդությունների ռիսկը, քանի որ քաղաքաբնակ մարդիկ առավել հաճախ են ստիպված լինում ուտել տանից դուրս սնունդ ուտել, որը կարող է պահպանված և պատրաստված լինել սննդամթերքի անվտանգության կանոններին համապատասխան, այդ թվում` թարմ միրգ և ձկնամթերք, մսամթերք և թռչնամիս:

3.Սննդամթերքի անվտանգությունը համաշխարհային խնդիր է
Սննդամթերքի արտադրության և սպառման գլոբալացումը հանգեցնում է միջազգային միջադեպերի արդյունքում մարդու համար վտանգավոր սննդամթերքի տարածման հավանականության մեծացմանը: Սննդամթերքի և դրա բաղադրիչների ներմուծումը տարածված է շատ ու շատ երկրներում: Այդ պատճառով արտահանող երկրներում սննդամթերքի անվտանգության պահպանման և վերահսկողության ուժեղ համակարգի առկայությունը նպաստում է տեղական և միջազգային մակարդակներում առողջության պահպանմանը:

4.Թռչնագրիպի ռիսկը պետք է հասցնել նվազագույնի
H5N1 թռչնագրիպով ամենից հաճախ հիվանդանում են ողջ կամ սատկած վիրուսակիր թռչունների հետ շփման արդյունքում: Ոչ մի ապացույց չկա այն բանի, որ մարդիկ կարող են վարակվել՝ ուտելով ըստ պատշաճի եփված թռչնամիս: Խուսափելու համար թռչնամսի օգտագործման արդյուքում փոխանցվող հիվադություններից, խորհուրդ է տրվում՝ հում միսը պահել այլ սննդամթերքից առանձին, պահպանել մաքրություն և հաճախակի լվանալ ձեռքերը, թռչնամիսը լավ եփել (մինչև միսն ամբողջությամբ հասնի 80օC ջերմաստիճանի, և չլինեն վարդագույն հատվածներ):

5.Հիվանդությունների կանխարգելումը սկսվում է ֆերմաներում
Ֆերմերային և գյուղացիական տնտեսություններում կենդանիների հիվանդությունների կանխարգելումը կարող է նվազեցնել սննդային ծագման հիվանդությունների տարածումը: Օրինակ, ֆերմաներում թռչունների սալմոնելայի 50%-ով կրճատումը հանգեցնում է մարդկանց՝ այդ մանրէով հիվանդանալու դեպքերի նույնքան կրճատմանը: Սալմոնելայից զերծ թռչնամսի օգտագործումը ավելի ու ավելի առաջնային է դառնում աշխարհի շատ երկրներում:

6.Սննդամթերքի անվտանգության մեջ բոլոր օղակներն են կարևոր
Սննդամթերքի վարակում կարող է տեղի ունենալ ցանկացած օղակում՝ ֆերմաներից ու դաշտից մինչև մեր սեղանը: Շղթայի բոլոր օղակները՝ գյուղացիներն ու ֆերմերները, արտադրողները, գնորդներն ու պատրաստողները, պետք է քայլեր ձեռնարկեն սննդամթերքն անվտանգ պահելու ուղղությամբ: Ընդ որում, տնային պայմաններում սննդամթերքի անվտանգության պահպանումը նույնպես խիստ կարևոր է հիվանդությունների բռնկումներից խուսափելու համար: Քանի որ սովորաբար կանայք են պատասխանատու տնային տնտեսության վարման և կերակուրի պատրաստման համար, նրանք առաջնահերթ կարիք ունեն ծանոթացվելու սննդամթերքի անվտանգության պահպանման կանոններին:

7.Սննդամթերքի անվտանգության կանոնները պետք է ուսուցանվեն դպրոցում
Աշակերտներին սննդամթերքի անվտանգության կանոնների տեղեկացումը կարող է մեծ քայլ լինել այսօր և ապագայում սննդամթերքի անվտանգության պահպանման ուղղությամբ: Նման դասընթացների ներմուծումը դպրոցական ծրագիր կարող է մեծապես նպաստել աշակերտների և նրանց ընտանիքների առողջության պահպանմանը:

8.Սննդային թունավորումների հիմնական պատճառներից են անլվա ձեռքերն ու անլվա միրգ-բանջարեղենը
Սննդին դիպչելուց առաջ աշխատեք լվանալ ձեռքերը տաք ջրով և օճառով, հատկապես եթե օգտվել եք զուգարանից, երեխայի տակաշոր եք փոխել, կամ էլ ձեռք եք տվել կենդանիների: Դրսում կարող են պայմաններ չլինել՝ ձեռքերի մաքրությունն ապահովելու համար, այդ պատճառով մի մոռացեք վերցնել Ձեզ հետ թաց անձեռոցիկներ կամ մաքրող հեղուկ, որոնք կօգտագործեք սննդի հետ շփվելուց առաջ:

9.Հում և եփած սննդամթերքը միասին պահելը հանգեցնում է սննդային թունավորումների
Սննդամթերքը մատուցելիս կամ պահելուց առաջ համոզվեք, որ հում և եփած մսամթերքը կամ թռչնամիսը չեն շփվում միմյանց հետ: Պահպանեք հում և եփած սննդամթերքը առանձին-առանձին, ցանկալի է՝ հերմետիկ փաթեթավորված: Եփած մսեղեն մատուցելիս մի օգտագործեք հում մսի հետ շփված անլվա սպասք կամ կտրատման տախտակներ: Անլվա ափսեները լվացեք շատ տաք ջրով և օճառով: Այս դեպքում կխուսափեք սննդային թունավորումներից և աղիքային խանգարումներից:

10.Կա սննդամթերքի անվտանգության պահպանման 5 հիմնական կանոն
Աշխարհի շատ երկրներ ընդունում են սննդամթերքի անվտանգության, առողջ սննդակարգի և ֆիզիկական ակտիվության կարևորությունը: Սննդամթերքի անվտագության պահպանման 5 հիմնական սկզբունքները հետևյալն են՝
-մաքրության պահպանում,
-հում և եփած սննդամթերքի անջատ պահում,
-կերակուրի լավ եփում,
-սննդամթերքի պահպանում պատշաճ ջերմաստիճանում,
-անվտանգ ջրի և հումքի օգտագործում: