Չգրանցված պեստիցիդներ (թունաքիմիկատներ) չպետք է ներմուծվեն, իրացվեն և օգտագործվեն
Չգրանցված պեստիցիդներ (թունաքիմիկատներ) չպետք է ներմուծվեն, իրացվեն և օգտագործվեն
2023-03-17 12:42:06 905
Թունաքիմիկատներ ներմուծող մի քանի կազմակերպություններ դեկտեմբեր ամսից չեն կարողանում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից ստանալ համապատասխան թույլտվություն դրանց ներմուծման համար: Նրանք մարտի 13-ին բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մոտ՝ պահանջելով լուծել խնդիրը: Տեսչական մարմնից ակցիայի մասնակիցներին առաջարկվել է գրավոր ձևակերպել բողոքն ու ներկայացնել տեսչական մարմնին, քանի որ այս պահին չունեն ակցիայի մասնակիցների ձևակերպված պահանջները։
Այս կապակցությամբ մեկնաբանություն խնդրեցինք Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից. Ի՞նչն է խնդիրը, ինչու՞ պեստիցիդների այդ խմբաքանակների ներմուծման թույլտվություն չի տրվում:
Տեսչական մարմնի պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ:
«Թույլտվությունը չի տրամադրվել, որովհետև վերոնշյալ պեստիցիդները չեն համապատասխանում Հայաստանում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկի տվյալներին (հրապարակված է Տեսչական մարմնի պաշտոնական կայքում՝ snund.am):
Համաձայն «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող, Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և շրջանառվող պեստիցիդները և ագրոքիմիկատները պարտադիր ենթակա են պետական գրանցման:
Նույն օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման մասին եզրակացություն տալու համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը. պեստիցիդների կամ ագրոքիմիկատների առևտրային անվանումը, ազդող նյութը կամ նյութերը, համագործիչ և օժանդակ նյութերը, յուրաքանչյուր նյութի տոկոսային հարաբերությունը, պատրաստուկային ձևը, արտադրող ֆիրման և այլն։
Մեր երկրում գրանցված և Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկում ներառված բոլոր պեստիցիդների և ագրոքիմիկատների՝ տնտեսավարողների կողմից գրանցման ներկայացված փաստաթղթերում առկա են եղել բոլոր փաստաթղթերը (տեղեկատվությունը), այդ թվում արտադրող ֆիրման (արտադրող կազմակերպությունը)։
Բողոքող տնտեսավարողները գրանցման են ներկայացրել X կազմակերպության արտադրանք, որը սահմանված կարգով գրանցվել է, սակայն փորձում է ներկրել Y կազմակերպության կողմից արտադրված արտադրանք, որի գրանցման համար հայտ չի ներկայացվել և, բնականաբար, այն մեր երկրում գրանցված չէ։ Տեսչական մարմինը չի կարող ներմուծման թույլտվություն տրամադրել այն պեստիցիդների և ագրոքիմիկատների համար, որոնք փաստացի արտադրվել են ոչ այն կազմակերպության կողմից, որը ներկայացվել է պետական գրանցման:
«Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արգելվում է ներմուծել, արտադրել, իրացնել և օգտագործել Հայաստանի Հանրապետությունում չգրանցված պեստիցիդներ և ագրոքիմիկատներ:
Տեսչական մարմինն իր գործունեությունն ու վերահսկողական գործառույթները կազմակերպում է բացառապես իրավական ակտերով սահմանված պահանջների շրջանակներում»:
Ներկայացված բացատրության կոնտեքստում առնվազն տարակուսելի է, ՀՀ վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանը օրերս կայացրած որոշումը պեստիցիդ ներկրողներից մեկի՝ «Ագրունփուտ» ՍՊԸ-ի ներկայացուցչի կողմից ներկայացված հայցի ապահովման վերաբերյալ միջնորդությունը բավարարելու վերաբերյալ, համաձայն որի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին պարտավորեցվում է որոշակի տեսակի և քանակի պեստիցիդների համար ընդունել ներմուծման եզրակացություն: Միևնույն է, ըստ «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի, այդ չգրանցված թունաքիմիկատներն իրացնել և օգտագործել հնարավոր չէ: