«Սպանդանոցները բավարար չեն, բայց ոչ սպանդանոցային մսեղենը ոչնչացվելու է»․ Հայաստանի Հանրային ռադիո
«Սպանդանոցները բավարար չեն, բայց ոչ սպանդանոցային մսեղենը ոչնչացվելու է»․ Հայաստանի Հանրային ռադիո
2023-11-28 11:10:37 645
Ամանորին ընդառաջ շուկայում առևտուրն աշխուժացել է։ Սննդամթերքի գնի բարձրացումից ավելի մտահոգիչ է դրա որակը, հատկապես այս օրերին, երբ զեղչի տակ կարող է հրամցվել անորակ, ժամկետանց ապրանք։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ոստիկանության հետ խստացված անասնահամաճարակային մշտադիտարկման գործընթաց էր սկսել։ Իսկ դեկտեմբերի 6-ից պետական վերահսկողության ընթացքում ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումք և մթերք հայտնաբերելու դեպքում, կասեցվելու է ամբողջ խմբաքանակի իրացումը, միաժամանակ կայացվելու է խմբաքանակի առգրավման և ոչնչացման որոշում: Գործող կարգավորումներով միայն վարչական պատասխանատվություն էր նախատեսվում։
Մսավաճառները մտահոգված են։ Դեկտեմբերի 6-ից ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված հումք և մթերք հայտնաբերելու դեպքում կկասեցվի ամբողջ խմբաքանակի իրացումը։ Ուժի մեջ մտնող օրենդրական փոփոխությամբ կայացվելու է նաև խմբաքանակի առգրավման և ոչնչացման որոշում, զգուշացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սոնա Ծառուկյանը։
«Ցավոք, շատ դաժան միջոց է, բայց որոշումն ընդունված է։ Նոր կարգավորումով շատ է խստացվել։ Եթե նախկինում ստուգվում էր, արտադրությունն էր կասեցվում, տուգանք էր նշանակվում, հիմա, եթե հայտնաբերվի մսեղիք առանց նույնականացման, այդ մթերքը ենթակա է ոչնչացման»։
Մսավաճառները, իհարկե, գիտակցում են, որ մսամթերքը պետք է լինի անվտանգ, մշակվի և արտադրվի հիգիենայի բոլոր նորմերին համապատասխան միջավայրում, բայց դրա համար նաև համապատասխան պայմաններ ու հնարավորություններ են պետք։ Հատկապես մատնանշում են մորթի ծառայություն մատուցող սպանդանոցների անբավարար քանակը, առաջարկվող մսի ոչ պատշաճ որակը, պատվերների անկանոնությունը և այլն։ Այս պահին Հանրապետությունում գործում է 91 սպանդանոց, մի մասը՝ ներտնտեսային։ Արդյոք, եղած սպանդանոցները բավարա՞ր են և կարո՞ղ են սպասարկել բոլորին։ «Ռադիոլուրի» հարցին՝ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը բացասական պատասխան տվեց։
«Ո՛չ, մեր սպանդանոցները բավարար չեն, և միսը, որն ունի սպանդանոցային շարժում, շատ փոքր տոկոս է կազմում։ Մենք շատ ենք քննարկել, թե ինչպես բարելավենք սպանդանոցների հարցը։ Ցավոք, այո, դեռ ոչ այդքան լիարժեք պայմաններ ունենալով լինելու է առգրավվում և ոչնչացում։
Մսավաճառների մտահոգությունները տեղին են, կառավարությունն էլ ուղիներ է փնտրում սպանդանոցների ավելի լավ աշխատանքի համար, բայց օրենքն ընդունված է, առկա խնդիրներն էլ բիզնես կարգավորման ոլորտում են, ասում են տեսչականում։ Տեսչական մարմնի գործառույթն է՝ վերահսկել սպառողի սեղանին դրվող մսեղիքը, որի անվտանգությունը երաշխավորված է սպանդանոցային ծագմամբ։ Պետական վերահսկողությունը կարող է դառնալ տնտեսության զարգացման գործիք, իսկ դրա բացակայությունը անպատժելիություն, նկատում է սպառողների իրավունքների պաշտպան Բաբկեն Պիպոյանը։
«Երբ բիզնեսը տեսնում է, որ դու հսկում ես, ինքը կառուցում է, երբ բիզնեսը տեսնում է, որ սպանդանոցները դարձել են թուղթ վաճառելու, ոչ թե մորթի տեղ, եղածն էլ է բավարար այդ թղթերը վաճառելու համար։ Այն, որ պետք է խստագույնս վերահսկել, այդտեղ երկրորդ կարծիք չկա, որ պետք է թղթի վաճառքը բացառել, այդտեղ էլ երկրորդ կարծիք չկա, բայց գործ չանել ու արդյունք ակնկալելն էլ է սխալ։ Ամեն օրենք չէ, որ նշանակում է օրենքն ունես, նշանակում է արդյունքն էլ կունենաս»։
Բաբկեն Պիպոյանը վտահ չէ, նույնիսկ, թե պետության կատարած մոնիթորինգը ինչքանով է արտացոլում սպանդանոցային մորթի իրական պատկերը։
«Թե որքան թուղթ են գտել դա հարցի մի կողմն է, որքան սպանդանոցային մորթ է եղել, դա հարցի մյուս կողմն է։ Մինչև մենք իրականում չիմանանք, թե առկա սպանդանոցները օրական քանի գլուխ խոշոր մորթ կարող են անել, չենք կարող ասել, թե շուկայի քանի տոկոսի պահանջարկն ենք կարողանում բավարարել սպանդանոցային ծագումով։ Դրանից կախված ենք մենք որոշելու, որտրեղ թողնենք, որտեղ չթողնենք»։
Մինչ Բաբկեն Պիպոյանը ֆերմեր-սպանդանոց-մսավաճառ-վերահսկող կառույց օղակում խնդիրներ է տեսնում, իսկ մսավաճառները դժգոհում են ռեսուրսների սղությունից, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը զգուշացնում է, որ օրենքի ուժի մեջ մտնելուն հաշված օրեր են մնացել և հորդորում է ձեռք բերել կամ իրացնել միայն սպանդանոցային ծագման, N 5 ձևի անասնաբուժական վկայականով ուղեկցվող միս։ Առգրավված հումքի և մթերքի ոչնչացման ծախսերը կատարվում են տնտեսավարող սուբյեկտի միջոցների հաշվին։
Աղբյուրը՝ Հայաստանի Հանրային ռադիո