ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Սողացող (վարդագույն) դառնախոտ (Acroptilon repens D.C.)

Սողացող (վարդագույն) դառնախոտ (Acroptilon repens D.C.)

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2022-08-10 16:54:09 Սողացող (վարդագույն) դառնախոտ (Acroptilon repens D.C.) 779

sibiraxt

Սա բարդածաղկավորների ընտանիքի բազմամյա խոտանման բույսերի ցեղ է, մոլախոտ:

Տարածվածությունը: Սողացող դառնախոտի հայրենիքը Միջին Ասիան է: Ներկայումս այն տարածված է Ավստրալիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Աղվաստանում, Իրանում, Իրաքում, Չինաստանում, Սիրիայում, Թուրքիայում, Ռուսաստանի Դաշնությունում (Վոլգոգրադի, Ռոստովի, Սարատովի, Օրենբուրգի մարզեր, Ստավրոպոլի երկրամաս, Կալմիկիա), Ուկրաինայում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում, Ուզբեկստանում, Ադրբեջանում, Վրաստանում:

Հայաստանում սողացող դառնախոտը տարածված է Տավուշի, Իջևանի, Նոյեմբերյանի, Թումանյանի, Արտաշատի, Արարատի, Արմավիրի, Մասիսի, Էջմիածնի, Մեղրու, Աշտարակի, Գորիսի, Եղեգնաձորի, Վայքի, Կոտայքի, Կապանի, Նաիրիի, Ախուրյանի տարածաշրջաններում և Երևան քաղաքում:

ptghaker2

Վնասակարությունը: Սողացող դառնախոտի բույսերը թունավոր են շատ կենդանիների, հատկապես ձիերի համար, սակայն անվտանգ են ոչխարների և այծերի համար: Սողացող դառնախոտով աղբոտված դաշտերում գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության իջեցման հիմնական պատճառը խոնավության և սննդարար նյութերի համար ընթացող սուր պայքարն է: Այսպես, դառնախոտի բույսերը հողից վերցնում են 2-5 անգամ ավելի շատ սննդանյութեր, քան աշնանացան ցորենը: Դրանք աղբոտում են բոլոր գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերը, խաղողի և պտղատու այգիները: Մորֆոլոգիան: Դառնախոտի ցողունն ուղիղ է, խիստ ճյուղավորված, 20-40 սմ բարձրությամբ, հիմքից ճյուղավորվող: Տերևները հերթադիր են, նշտարաձև եզրերը ատամնավոր են, բացառություն են կազմում գագաթնային տերևները, որոնց եզրերն ամբողջական են:

Զամբյուղները կլորավուն են, առանձին, 1.1-1.25 սմ տրամագծով, դասավորված են ճյուղերի ծայրերին: Զամբյուղների թիվը մեկ բույսի վրա հասնում է մինչև 700-ի: Յուրաքանչյուր զամբյուղում ձևավորվում է 2-ից մինչև 26 սերմնապտուղ: Ծաղիկները միանման են, երկսեռ, խողովակաձև, վարդագույն ծաղկեպսակով: Սերմնապտուղը հարթ է կամ կողավոր մակերեսով, հեշտությամբ ընկնող, բաց մոխրավունից մինչև ծղոտադեղնավուն գույնի:

Զարգացումը: Սողացող դառնախոտը բազմամյա բույս է, որի աճը և շվերի առաջացումը սկսվում է վաղ գարնանից և շարունակվում է մինչև ուշ աշուն: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում է հունիսին-հուլիսին: Սովորաբար սերմերի հասունացումը համընկնում է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի հետ:

Բազմանում է սերմերով և կոճղարմատներով: Սերմերը տեղափոխվում են հեռավոր տարածություն հիմնականում հացահատիկային մշակաբույսերի և խոտաբույսերի աղբոտված սերմերի, ինչպես նաև խոտերի և ծղոտի հետ: Ընկնելով հողի մեջ՝ դառնախոտը շարունակում է տարածվել հիմնականում վեգետատիվ ճանապարհով: Սերմերի ծլունակությունը պահպանվում է 3-4 տարի: Սերմերի ծլման համար պահանջվում է հողի բարձր խոնավություն և ջերմություն:

Սողացող դառնախոտը պատկանում է լուսասեր բույսերին, ստվերոտ տեղերում սերմեր չի ձևավորում: Սերմերից առաջացած բույսերը սկզբնական ամիսներին աճում և զարգանում են դանդաղ: Այսպես, 2.5-3 ամսվա ընթացքում ձևավորվում է 5-7 տերևներով վարդակ: Արմատային համակարգն անհամեմատ ավելի արագ է աճում: Այդ նույն ժամանակահատվածում արմատները հասնում են մինչև 2 մ խորության

Այսպիսով, սողացող դառնախոտը մեկ վեգետացիայի ընթացքում, նպաստավոր պայմանների առկայության դեպքում, առաջացնում է 5-6 մ տրամագծով բուսական զանգված, որում ցողունների խտությունը 1 մ2 մակերեսի վրա կարող է հասնել մինչև 400-ի: Դառնախոտի ուղղահայաց արմատները 5-16 մ խորությամբ թափանցում են հողի մեջ: Միաժամանակ արմատները և կոճղարմատները միահյուսվելով՝ ամբողջությամբ զբաղեցնում են հողի վերին շերտը (0-60 սմ):

Պայքարի միջոցառումներ: Քանի որ սողացող դառնախոտի սերմերը կարող են տեղափոխվել հացահատիկային մշակաբույսերի, խոտաբույսերի սերմերի, ինչպես նաև խոտի և ծղոտի հետ, ուստի դրա տեղափոխումը նոր, այդ մոլախոտից ազատ վայրեր կանխելու նպատակով անհրաժեշտ է ուժեղացնել կարանտին հսկողությունը:

Կարևոր նշանակություն ունի ագրոտեխնիկական միջոցառումների իրականացումը, մասնավորապես, դառնախոտով աղբոտված հողերում ցանքաշրջանառության կիրառումը, հողի մշակումը՝ ուղղված մոլախոտի արմատային համակարգի ոչնչացմանը և գյուղատնտեսական մշակաբույսերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, որոնց լավ աճը ստվեր կառաջացնի և կճնշի դառնախոտին: Սակայն նույնիսկ ամենաբարենպաստ ժամկետներում բավարար մշակված ցելը չի ապահովում դառնախոտի լրիվ ոչնչացումը, այդ պատճառով էլ աղբոտված հողերում հարկավոր է կիրառել հատուկ ցանքաշրջանառություններ, որոնցում մոլախոտերը ճնշվում և ոչնչացվում են մի քանի տարվա ընթացքում:

Գյուղատնտեսության համար ոչ օգտագործելի հողերում, արդյունաբերական օբյեկտների շրջակա տարածքներում, ճանապարհների և երկաթուղիների եզրերին բոլոր տեսակի մոլախոտերի, այդ թվում սողացող դառնախոտի դեմ պետք է սրսկել իմազապիր (25 % ջ.լ.խ.)՝ 2-2.5 լ/հա նորմայով:

Առավել մանրամասն՝ այստեղ