ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Պտղատուների բակտերիալ այրվածք (Erwinia amylovora Burill)

Պտղատուների բակտերիալ այրվածք (Erwinia amylovora Burill)

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2022-08-10 16:56:31 Պտղատուների բակտերիալ այրվածք (Erwinia amylovora Burill) 916

sibiraxt

Տարածվածությունը: Այս հիվանդության հայրենիքը համարվում է Ամերիկայի Միացյալ Նահանգները, որտեղից հետագայում տարածվել է Եվրոպայի, Ամերիկայի, Ասիայի շատ երկրներ, ինչպես նաև Նոր Զելանդիա:

Պտղատուների բակտերիալ այրվածքը Հայաստանի տարածք է թափանցել Թուրքիայից 1989 թվականին: Ներկայումս հիվանդության վարակի օջախներ կան Արարատի, Արտաշատի, Արմավիրի, Մասիսի, Էջմիածինի, Բաղրամյանի, Նաիրիի, Թալինի, Աշտարակի, Կոտայքի, Ախուրյանի շրջաններում և Գյումրի քաղաքում:

Վնասակարությունը: Բակտերիալ այրվածքը պտղատու ծառատեսակներին վարակող բակտերիալ հիվանդություններից ամենավտանգավորն է:

Մեր պայմաններում ուժեղ վնասվում է տանձենին, երբեմն հանդիպում է սերկևիլենու, խնձորենու վրա, իսկ կորիզավոր ծառատեսակների վրա առայժմ չի արձանագրվել: Կարող է կարճ ժամանակահատվածում մեծ տարածությունների վրա չորացնել տանձենու տնկարկները:

Պտղատուների բակտերիալ այրվածքը կարող է տարածվել ընտանի մեղուների, փոշոտիչ միջատների, լվիճների, տերևալվիկների, տնկիների, կտրոնների, պտուղների միջոցով, ինչպես նաև ծառերի էտի ժամանակ օգտագործված գործիքների, թռչունների (մասնավորապես՝ սարյակների), անձրևի և քամու միջոցով:

ptghaker2

Ախտանիշերը: Հարուցիչը Erwinia amylovora (Burrill) Winst. Et al. ձողաձև մտրակավոր շարժուն բակտերիան է, որի մեծությունը 0.7-1 և 0.9-1.5 մկմ է: Սպորներ և պատիճներ չեն առաջացնում:

Հիվանդությունը հիմնականում արտահայտվում է ծաղիկների, տերևների, դալար շիվերի, ճյուղերի և պտուղների վրա (նկ. 18, 19, 20): Գարնանը ծաղիկները հանկարծակի թառամում, գունափոխվում, դառնում են շագանակագույն, այնուհետև սևանում են: Հիվանդ տերևները նույնպես սևանում են, բայց չեն թափվում, մնում են ճյուղերին կպած և ընդունում են հրդեհից այրվածի տեսք, որտեղից էլ հիվանդությունը ստացել է իր անունը: Նոր ձևավորված, վարակված պտուղներն ընդունում են սև գույն և մումիանում են: Այսպիսի պտուղները ծառի սաղարթում պահպանվում են նույնիսկ տերևաթափից հետո: Վարակված շիվերը կարծես լցվում են հեղուկով, որը կեղևի ճեղքերից դուրս է գալիս պղտոր էքսուդատի տեսքով, հոսում է և չորանում դեղնագորշավուն կաթիլների տեսքով: Ճյուղերի կեղևի վարակված հատվածներում նկատվում են մուգ շագանակագույն, հաճախ ջրոտ խալեր: Նման հատվածները փափկում են, որոնց վրա երևում է կաթիլի ձևով կաթնասպիտակավուն արտազատուկ: Չոր, շոգ եղանակային պայմաններում վարակված կեղևը չորանում և այրված գոտին պարզորոշ սահմանազատվում է առողջ հյուսվածքից: Վաղ գարնանը շիվերի վրա բակտերիալ էքսուդատի առաջացումը բակտերիալ այրվածքի բնորոշ նշանն է:

Պտղատուների բակտերիալ այրվածքը սովորաբար նկատվում է վաղ գարնանը՝ տանձենու ծաղկման շրջանում: Հիվանդության զարգացման համար առավել նպաստավոր պայմաններն են՝ 180C օդի ջերմաստիճանը, 70% և ավելի օդի հարաբերական խոնավությունը: Ամռանը, օդի ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց, հիվանդության զարգացումը գրեթե կանգ է առնում:

Պայքարի միջոցառումներ: Պտղատուների բակտերիալ այրվածքով վարակված տնկարկներ ունեցող տնտեսություններից այդ հիվանդությունից զերծ տնտեսություններ կտրականապես արգելվում է փոխադրել տանձենու, խնձորենու և սերկևիլենու տնկիներ ու կտորններ: Բակտերիալ այրվածքով վարակված տանձենու տնկարկների բերքը պետք է վերամշակման հանձնել պահածոների գործարան:

Պայքարի կարանտին միջոցառումներ: Աշնան և ձմռան ընթացքում պետք է արմատախիլ անել լրիվ չորացած ծառերը և տեղում այրել: Եթե այգում տնկարկների 50%-ից ավելի ծառերի սաղարթը 30%-ով և ավելի չորացել է այրվածքից, այդպիսի տնկարկները նույնպես պետք է քանդել և տեղում այրել:

Գարնանը բակտերիալ այրվածքով թույլ վարակված տնկարկներում ծառերն էտելիս պետք է սաղարթից հեռացնել վարակված ճյուղերը: Ընդ որում երիտասարդ ճյուղերը կտրել 20 սմ վարակի սահմանից ներքև առողջ մասից, իսկ հասակավորները՝ 10 սմ: Կտրելուց հետո ճյուղերի վրա առաջացած վերքերը պետք է ախտահանել պղնձարջասպի 1%-անոց լուծույթով, ապա կտրվածքը ծածկել այգու մածիկով:

Էտի ժամանակ օգտագործված գործիքներն ախտահանել 5%-անոց ֆորմալինի լուծույթով:

Գարնանը, մինչև բողբոջների ուռչելը, ծառերը սրսկել բորդոյան հեղուկով (30 կգ պղնձարջասպ + 30 կգ չհանգած կիր յուրաքանչյուր հեկտարի հաշվով):

Խնձորենու և տանձենու համար կիրառել պղնձի քլորօքսիդ+պղնձի հիդրօքսիդ (14% + 14 ջ.լ.հ.)՝ 1.47 – 2.268 լ/հա: Առաջին սրսկումը կատարել ծառերի կանաչ կոն փուլում, երկրորդ սրսկումը կատարել բողբոջների բացվելիս, երրորդ և հաջորդ սրսկումները՝ 7-10 օր ընդմիջումներով: Մինչև ծառերի ծաղկումը սրսկել բորդոյան հեղուկով (10 կգ պղնձարջասպ + 10 կգ չհանգած կիր յուրաքանչյուր հեկտարի հաշվով), իսկ ծաղկման շրջանում՝ երկու անգամ, 5-6 օր ընդմիջումներով, տանձենիները սրսկել պղնձի քլորօքսիդի (90% թ.փ.) 4 կգ/հա նորմայով: Բանվորական հեղուկի ծախսը՝ 1000 լ/հա: Տանձենիների ծաղկման շրջանում պղնձի քլորօքսիդով ծառերը սրսկելիս և հետագա 5-6 ժամվա ընթացքում, պետք է մեղվանոցները ժամանակավորապես մեկուսացնել կամ արկանոցները փակել ըստ հրահանգի:

Առավել մանրամասն՝ այստեղ