Կոմստոկի որդան (Pseudococcus comstocki Kuw.)
Կոմստոկի որդան (Pseudococcus comstocki Kuw.)
2022-08-10 16:58:38 1089
Տարածվածությունը: Կոմստոկի որդանի հայրենիքը համարվում են Ճապոնիան և Չինաստանը:
Գլխավորապես տարածված է Արևելյան Ասիայի արևադարձային գոտում: Ներկայումս տարածման արեալն ընդգրկել է բոլոր մայրցամաքները. Ասիա, Աֆրիկա, Ամերիկա, Ավստրալիա, որոշ Եվրոպական երկրներ: Նախկին ԽՍՀՄ պետություններից արձանագրվել է Ուզբեկստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Ղազախստանում, Անդրկովկասում:
Հայաստանում առաջին անգամ արձանագրվել է 1961 թ. Իջևանի տարածաշրջանում, հիմնականում թթենիների վրա: Այժմ այն սահմանափակ տարածվածությամբ հանդիպում է Իջևանի, Տավուշի, Թումանյանի, Արարատի, Արտաշատի, Արմավիրի, Մասիսի, Էջմիածնի, Աշտարակի, Եղեգնաձորի, Կոտայքի, Կապանի, Մեղրու, Նոյոմբերյանի շրջաններում և Երևան, Արմավիր, Իջևան, Կապան, Էջմիածին քաղաքներում:
Վնասակարությունը: Կոմստոկի որդանը վնասում է ավելի քան 350 վայրի և մշակովի ծառատեսակների, թփերի, խոտաբույսերի և բանջարաբոստանային մշակաբույսերի: Դրանց թվում են ծիրանենին, դեղձենին, սալորենին, թզենին, խաղողի վազը, դեկորատիվ ծառատեսակներից՝ թխկին, սպիտակ ակացիան, սոսին և այլ ծառատեսակներ, առանձնապես մեծ վնաս պատճառում է թթենուն: Վնասատուի սնման հետևանքով պտուղները դառնում են անհրապույր, պատվում են մածուցիկ արտաթորանքով: Այսպիսի պայմաններում լավ զարգանում են մրկասնկերը, որի պատճառով բույսերի մոտ խախտվում է ֆիզիոլոգիական պրոցեսների նորմալ ընթացքը, որը և պատճառ է դառնում վաղաժամ տերևաթափի: Այս վնասատուն ապրում է ծառի շվերի, տերևների, ճյուղերի, բնի, արմատների վրա: Նրա պատճառած վնասի հետևանքով ծառի տերևները գունաթափվում են, խիստ ընկնում է պտուղների որակը: Վնասատուն տարածվում է կտրոնների, շվերի, տնկիների, պտուղների միջոցով: Բնական տարածումը հնարավոր է վնասատուի հայտնաբերման վայրերում: Հասցրած վնասի հետևանքով բույսերն ամբողջությամբ կարող են ոչնչանալ:
Մորֆոլոգիան և զարգացումը: Կոմստոկի որդանի էգի մարմինը ձվաձև է, 2.2-5.5 մմ երկարությամբ, բաց վարդագույն գունավորմամբ, ծածկված է սպիտակ մոմաշերտով: Մարմնի կողային մասերում դասավորված են 17 զույգ թելիկներ: Բերանը ծծող տիպի է, կնճիթաձև: Արուի երկարությունը 1.5 մմ է: Ի տարբերություն էգի, այն ունի մեկ զույգ անգույն թևեր:
Ձուն բաց դեղնավուն է, ձվաձև, 0.3 մմ երկարությամբ և 0.15 մմ լայնությամբ:
Ձմեռում է ձվի փուլում փչակներում, ծառերի տարբեր տարիքի ճյուղերի կոտրված մասերում սպիտակ, նուրբ թելերից հյուսված ձվապարկերում, ծառերի ճյուղերի և բնի ճեղքերում, չոր կիսապոկված կեղևների տակ, ինչպես նաև ծառի բնին հարող հողում և այլուր: Ձմեռող ձվերի կենսունակությունը պայմանավորված է ձմռան ցրտերով: -22.40C պայմաններում ձվերի կենսունակությունը նվազում է 31%-ով:
Գարնանը, թթենու ծառերի վրա բողբոջների բացվելու հետ մեկտեղ, ձվերից դուրս են գալիս թափառողները, որոնք սկզբում ծծում են աճման կոների հյութը, իսկ հետագայում, տերևների ձևավորումից հետո, սնվում են տերևակոթերով և տերևաթիթեղներով (նկ. 8, 9): Ամռանը որդանը հիմնականում ապրում է տերևների հակառակ երեսին և պտուղների վրա:
Յուրաքանչյուր սերնդի զարգացումը տևում է 45-55 օր: Մեկ էգն իր կյանքի ընթացքում դնում է 200-600 ձու: Տարեկան տալիս է 3, երբեմն` 4 սերունդ:
Պայքարի միջոցառումներ: Արգելվում է Կոմստոկի որդանով վարակված տնտեսություններից այդ վնասատուից ազատ վայրեր ներմուծել տնկիներ, կտրոններ, թթենու տերևներ, թարմ պտուղներ, բանջարաբոստանային մշակաբույսեր: Հետագա տարածումը կանխելու նպատակով հարկավոր է ուժեղացնել կարանտին հսկողությունը:
Կոմստոկի որդանի վարակի օջախներում անհրաժեշտ է բաց թողնել պսևդաֆիկուս մակաբույծը, որը 1 մմ մեծությամբ թևավոր միջատ է, ապրում և զարգանում է միայն այդ վնասատուի հաշվին: Մակաբույծը ձուն դնում է որդանի մարմնի մեջ: Մակաբույծի յուրաքանչյուր էգ կարող է ոչնչացնել որդանի 25-ից ավելի տարբեր հասակի թրթուրների և էգերի: Մակաբուծված որդաններն առաջին օրերին սնվում են, հետո թաքնվում կիսապոկված չոր կեղևների տակ, ճեղքերում, հողում, որդանի ձվակույտերում և դադարում սնվելուց: Ավարտելով զարգացումը՝ պսևդաֆիկուսը մումիաներից դուրս է թռչում և շարունակվում է մակաբուծել որդաններին:
Վեգետացիայի ընթացքում պսևդաֆիկուսը տալիս է 7-8 սերունդ՝ վնասատուի քանակը հասցնելով տնտեսական անվտանգության մակարդակի: Հետևապես, ամեն կերպ պետք է նպաստել այդ մակաբույծի պահպանմանը և տարածմանը:
Քիմիական պայքարը կոմստոկի որդանի դեմ իրականացվում է վաղ գարնանը մինչև բողբոջների ուռչելը և ուշ աշնանը տերևաթափից հետո, մինչև ցրտերի սկսվելը: Օգտագործվում են տարբեր միջատասպան միջոցներ: Վարակված տնկարկներում վեգետացիայի ընթացքում հարկավոր է սրսկում կատարել սպիրոտետրամատի (24% խ.կ.)՝ 0.8-1.5 լ/հա, մալաթիոնի (50% խ.է.)՝ 3 լ/հա նորմաներով բույսերի պաշտպանության միջոցներով: Բանվորական հեղուկի ծախսը՝ 1000 լ/հա:
Առավել մանրամասն՝ այստեղ