Կարտոֆիլի ցեց (Phthorimaea oherculella Zell)
Կարտոֆիլի ցեց (Phthorimaea oherculella Zell)
2022-08-10 17:04:27 1185
Տարածվածությունը: Կարտոֆիլի ցեցի հայրենիքը Հարավային և Կենտրոնական Ամերիկան է: Այն միշտ հանդիսացել է կոլորադյան բզեզի բնական հարևանը:
Ներկայումս այն տարածված է Եվրոպայում (Ռուսաստանի Դաշնություն (Կրասնոդարի երկրամաս), Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան, Բուլղարիա), Ասիայում (Թուրքիա), Աֆրիկայում, Նոր Զելանդիայում, Ավստրալիայում և այլն: Այն համարվում է իսկական կոսմոպոլիտ տեսակ, ինչը հատկապես զարմանալի է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն ջերմասեր միջատ է:
Վերջին տարիներին կարտոֆիլի ցեց հայտնաբերվել է նաև Հայաստանում՝ Արարատյան հարթավայրի որոշ համայնքներում: Տարածվում է ինչպես թռիչքի միջոցով, այնպես էլ վնասված կարտոֆիլի պալարների, լոլիկի, տաքդեղի, սմբուկի պտուղների միջոցով` զարգացման բոլոր փուլերում: Բազմանում է դաշտում և պահեստներում: Վարակված պալարները պահեստում կարող են պահպանվող կարտոֆիլի լրիվ ոչնչացման պատճառ դառնալ:
Վնասակարությունը: Կարտոֆիլի ցեցը օլիգոֆագ-ֆիտոֆագ է, վնասում է կարտոֆիլին, լոլիկին, տաքդեղին, սմբուկին, ծխախոտին և մորմազգի այլ մշակաբույսերի: Առավել մեծ վնաս հասցնում է կարտոֆիլին և լոլիկին ինչպես բաց դաշտում, այնպես էլ ջերմատներում: Կարտոֆիլի պահեստարաններում վնասված պալարները փտում են, ինչի հետևանքով վնասը կարող է հասնել 25-80%-ի, իսկ լոլիկի պտուղներինը՝ 57%-ի:
Վնասատուն ոչնչացնում է ծխախոտի բերքի 60-80%-ը: Ցեցի թրթուրներով վնասված ծխախոտի տերևները պիտանի չեն արդյունաբերական մշակման համար: Բույսերի վերգետնյա մասերի վնասվածության դեպքում տերևների և ցողունների վրա նկատվում են ականներ, որոնք առաջանում են երիտասարդ թրթուրների սննդառության արդյունքում: Կյանքի ընթացքում թրթուրներն անցքեր են բացում մորմազգի մշակաբույսերի տերևների, տերևակոթերի և ցողունների վրա, դրանք լցնում են արտաթորանքով:
Ցեցը վնասում է բույսի վերգետնյա և ստորգետնյա մասերը: Եթե թրթուրը բնակվում է ցողունի մեջ, ապա վնասված մասից վեր բույսը մահանում է: Այդ ձևով վնասատուն հեշտ է հայտնաբերվում դաշտում:
Նոր դուրս եկած թրթուրը բաց վարդագույն կամ կանաչավուն է, մուգ շագանակագույն գլխով, 1.2 մմ երկարությամբ:
Հարսնյակը տեղակայված է մոխրա-արծաթավուն բոժոժի մեջ: Բոժոժի երկարությունը մոտ 10-12 մմ է, լայնությունը` 1.5 մմ: Հողի մեջ անտեսանելի է:
Զարգացումը: Կարտոֆիլի ցեցի զարգացումն ընթանում է 80C պայմաններում: Արտաքին պայմաններից կախված, տարեկան տալիս է չորս և ավելի սերունդ: Պահեստ տեղափոխված վնասված պալարների մեջ վնասատուն շարունակում է իր զարգացումը:
Մեկ սերնդի զարգացման տևողությունը կախված է միջավայրի կլիմայական պայմաններից: Ցեցը բաց դաշտում տալիս է 2-6 սերունդ, նույնքան էլ կարտոֆիլի պահպանման ժամանակահատվածում: Վնասատուի բոլոր փուլերի համար մահացու են համարվում -400C-ից ցածր և 360C-ից բարձր ջերմաստիճանային պայմանները: Կարտոֆիլի ցեցի զարգացման համար օպտիմալ են՝ ջերմաստիճանի 22-260C և օդի հարաբերական խոնավության 70-80% պայմանները:
Կյանքի տևողությունը ձվից մինչև հասուն (իմագո) փուլ ամռանը 22-30 օր է, իսկ ձմռանը 2-4 ամիս:
Պայքարի ագրոտեխնիկական միջոցառումներ: Խստորեն պետք է պահպանել բոլոր կարանտին միջոցառումները: Կարտոֆիլի տնկումը կատարել միայն առողջ տնկանյութով: Խստորեն պահպանել ցանքաշրջանառության մեջ մորմազգի մշակաբույսերի հերթափոխությունը: Խուսափել վարակված տարածքներում 3 տարվա ընթացքում մորմազգի մշակաբույսեր աճեցնելուց: Պարբերաբար ոչնչացնել մշակովի և վայրի մորմազգի մշակաբույսերի ու մոլախոտերի ինքնացանքսերը: Հավաքած բերքը գիշերը դաշտում չթողնել, այլ տեղափոխել պահեստարաններ: Բերքահավաքից հետո մորմազգի մշակաբույսերի ու մոլախոտերի բոլոր մնացորդները հավաքել և այրել: Կարևոր միջոցառումներից է նաև կարտոֆիլի վաղ բերքահավաքը՝ մինչև թփերի չորանալը և թրթուրների՝ պալարի մեջ անցնելը: Պահեստներում հավաքել բուսական մնացորդները և այրել: Պահեստներում կարտոֆիլի պահպանումն իրականացնել 3-40C-ից ցածր ջերմաստիճանի պայմաններում: Նվազեցնելով պահեստներում ջերմաստիճանը՝ հնարավոր է սահմանափակել վնասատուի զարգացումն ու բազմացումը: Պալարների վնասումը կանխելու համար պահեստներում պետք է ապահովել 3-40C ջերմաստիճան: Կարտոֆիլի (տնկանյութ և պարենային) պալարները պահպանման դնելուց առաջ մշակել լեպիդոցիդ և բիտօքսիբացիլին կենսաբանական պատրաստուկներով (0.3 – 0.5 լ/տ, ջրի ծախսը 80 լ/տ):
Պայքարի քիմիական միջոցառումներ: Վնասատուի հայտնաբերման դեպքում հերթափոխային եղանակով անհրաժեշտ է օգտագործել հետևյալ պատրաստուկներից որևէ մեկը. աբամեկտին 1.8% ԽԷ 0.5լ/հա, ցիպերմետրին 25% ԽԷ 0.16 լ/հա, դելտամետրին 2.5% ԽԷ 0.2 լ/հա և բարձր կենսաբանական արդյունավետություն ունեցող այլ նյութեր: Կարտոֆիլի կոլորադյան բզեզի դեմ կիրառվող պատրաստուկները արդյունավետ են նաև կարտոֆիլի ցեցի դեմ պայքարում: Պահեստներում, որտեղ հայտնաբերվել է կարտոֆիլի ցեցը, պալարները վարակազերծել ֆոստոքսին, մագտոքսին (հաբեր) կամ այլ համարժեք պատրաստուկներից որևէ մեկով: Դաշտում, կարտոֆիլի ցեցի դեմ պայքարում են բոլոր այն թունանյութերով, որոնք թույլատրված են կիրառել կոլորադյան բզեզի դեմ պայքարում:
Առավել մանրամասն՝ այստեղ